երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում 2018 թվականից մինչ այժմ մարզում հիմնանորոգվել է 350 կմ ճանապարհ

Գեղարքունիքի մարզում 2018 թվականից մինչ այժմ մարզում հիմնանորոգվել է 350 կմ ճանապարհ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Գավառում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և պաշտոնատար այլ անձինք:

Նախ զեկուցվել են 2018-2022թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին, ըստ որի` հաշվետու ժամանակահատվածում ներկայացվել է 430 հայտ, որից հաստատվել է 386-ը: Սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր գումարը կազմել է 25 մլրդ 367 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմում է 14 մլրդ 844 մլն դրամ, համայնքային համաֆինանսավորումը՝ 10 մլրդ 462 մլն դրամ, մասնավորի համաֆինանսավորումը՝ 59,7 մլն դրամ: Սուբվենցիոն ծրագրերի արժեքը 2018 թ. կազմել է 1 մլրդ դրամ, 2019թ.՝ 4,4 մլրդ դրամ, 2020թ.՝ 4,4 մլրդ դրամ, 2021թ.՝ 5,8 մլրդ դրամ,  2022թ.՝ 9,7 մլրդ դրամ: Սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են հետևյալ ոլորտներում՝ ասֆալտապատում, լուսավորության անցկացում, ջրամատակարարման, ոռոգման համակարգերի նորոգում, փողոցների սպասարկում, գազաֆիկացում, մանկապարտեզների կառուցում/վերանորոգում, զբոսայգիների բարեկարգում և այլն:

2022 թ. միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված 34 ծրագրերի ընդհանուր արժեքն 144 ենթածրագրերով կազմել է  9 մլրդ 691 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 5 մլրդ 592 հազար  դրամ, համայնքների համաֆինանսավորումը՝ 4 մլրդ 63 մլն դրամ, այլ ներդրողներինը՝ 35 մլն 413 հազար  դրամ:

2022 թ․ ավարտվել են 148 շինաշխատանքներ: Քաղաքաշինության ոլորտից բխող միջոցառումների արդյունքում իրականացվել է սուբվենցիոն ծրագրերի 350 մշտադիտարկում, տրվել է 486 շին. թույլտվություն, եղել է 8 միկրոռեգիոնալ փաստաթուղթ, 124․8 կմ և 185․3 կմ ճանապարհների պահպանություն:

Տեղեկացվել  է, որ 2023թ․ ներկայացվել է սուբվենցիոն 45 հայտ 160 ենթածրագրով, որից հաստատվել է 23-ը` 144 ենթածրագրով: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 11. 2 մլրդ դրամ, որից պետական բյուջեի համաֆինանսավորումը կազմում է 6,7 մլրդ դրամ, համայնքի համաֆինանսավորումը՝ 4,3 մլրդ դրամ, մասնավորի համաֆինանսավորումը՝ 88,9 մլն դրամ:

2018-2022թթ․ Գեղարքունիքի մարզում մի շարք ծրագրեր են իրականացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Առողջապահության նախարարությունը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Քաղաքաշինության կոմիտեն: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 51 մլրդ դրամ:

2018 թվականից մինչ այժմ մարզում հիմնանորոգվել է 350 կմ ճանապարհ:

  • Կիսվել: