չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզպետը կարևորում է «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի հետ համագործակցությունը

Գեղարքունիքի մարզպետը կարևորում է «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի հետ համագործակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից համատեղ  ֆինանսավորվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելին եւ ծրագրային թիմին։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանից, հանդիպմանը մասնակցել է նաեւ «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանը։

Հանդիպման սկզբում Քրիստիան Հենշենլը ներկայացրել է «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերի արդյունքները եւ առաջիկայում նախատեսվող ծրագրերն ու առաջնահերթ անելիքները՝ կարեւորելով Գեղարքունիքի մարզպետարանի հետ հետագա համագործակցության խորացումը։

«Այս տարի  «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի կողմից շատ հրատապ ու կարեւոր աշխատանքներ են իրականացվել, որոնք ուղղվել են Սեւանա լճի եւ շրջակա միջավայրի պահպանության բարելավմանը։ Այսօր Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ընթացքում մենք ՀՀ Շրջակա միջավայրի եւ ՏԿԵ նախարարությունների, մարզպետարանի, մարզի խոշորացված համայնքների ներկայացուցիչներին հաշվետվություն ներկայացրինք ծրագրի 5 բաղադրիչների շրջանակներում  ներկա պահին իրականացված աշխատանքների ու արդեն իսկ գրանցած արդյունքների մասին:  Քննարկվեցին եւ բացահայտվեցին փոխադարձ շահերը, ինչպես նաեւ հետագա շարունակական համագործակցության եզրերը: Իրականացված ծրագրերի շնորհիվ գյուղատնտեսության ոլորտում մենք ունեցանք բարձր արդյունքներ՝ միաժամանակ չվնասելով բնությանը, քանի որ գյուղմթերքների արտադրության մեջ օգտագործվեցին բացառապես օրգանական պարարտանյութեր, իսկ տնտեսություններն այս երաշտ տարում կարողացան ապահովել  բարձր բերքատվություն։ Մեր համատեղ անելիքները շատ են նաեւ առաջիկայում, կարեւոր են ծրագրի բոլոր բաղադրիչները, սակայն առաջնահերթն այս պահին համարում ենք Սեւանա լիճ թափվող կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանների հզորացման եւ աստիճանաբար կենսաբանական մաքրման կայաններին անցնելու հետ կապված խնդիրները, որոնց լուծման համար անհրաժեշտ է տեւական համագործակցություն եւ հետեւողական աշխատանք։ Օգտվելով առիթից` ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել Գեղարքունիքի մարզպետարանից՝ համագործակցված ու նպատակամղված աշխատանքների համար»,-նշել է Քրիստիան Հենշելը։

Մարզպետ Կարեն Սարգսյանն իր հերթին հավաստիացրել է, որ մարզպետարանը կգործադրի բոլոր հնարավորություններն ու ջանքերը՝ ծրագրի իրականացման ողջ ընթացքում ի հայտ եկած խնդիրները լուծելու, նոր նախաձեռնությունները կյանքի կոչելու, մշտական համագործակցություն ապահովելու համար։

«Բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվում են «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի կողմից, կենսական խոշոր նշանակություն ունեն ինչպես Սեւանա լճի եւ նրա ջրահավաք ավազանի պահպանության, այնպես էլ մարզի բնակչության սոցիալ-տնտեսական հարցերի կարգավորման, օրգանական գյուղատնտեսության արմատավորման եւ զարգացման տեսանկյունից։ Մենք հետամուտ ենք բոլոր ծրագրերի իրականացմանը, առաջ քաշված կարեւոր խնդիրների լուծմանը, համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը։ Հավատացած եմ, որ առաջիկայում էլ համատեղ կենսական կարեւոր ծրագրեր կիրականացնենք՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ և կայուն արդյունքներ»,-նշել է մարզպետ Կարեն Սարգսյանը։

  • Կիսվել: