երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սակագների վերանայման գործառույթը ՀԾԿՀ իրավասության տիրույթում է. ներկայացվածը «Գազպրոմ Արմենիայի» մոտեցումն է. ՀԾԿՀ

Սակագների վերանայման գործառույթը ՀԾԿՀ իրավասության տիրույթում է. ներկայացվածը «Գազպրոմ Արմենիայի» մոտեցումն է. ՀԾԿՀ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանդես է եկել պարզաբանմամբ բնական գազի սակագների շուրջ մամուլում շրջանառվող հրապարակումների վերաբերյալ։ Պարզաբանման մեջ ասվում է․ 

«Սույն թվականի հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, որը սահմանված կարգով կընդունվի ուսումնասիրության, կիրականացվի համապատասխան հաշվարկներ և դրանք մինչև հանձնաժողովի նիստի քննարկմանը ներկայացնելը կքննարկվի շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ սպառողների շահերը պաշտպանող ՀԿ-ների հետ: 

Հաշվի առնելով մամուլում շահարկվող հրապարակումներն՝ առ այն, որ «սոցիալապես անապահով ընտանիքների և որոշ այլ խմբերի համար կտրուկ թանկանալու է գազի սակագինը», Հանձնաժողովը հայտնում է, որ նշված առաջարկը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հայտով ներկայացված մոտեցումն է: Մասնավորապես ընկերությունն առաջարկել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 282.6 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 135648.85 դրամ/հազ. Խմ սակագին՝ բնական գազի 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում: Ընկերության առաջարկությամբ միջին կշռված սակագնի աճը գործողի (266.71 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 128020.7 դրամ/հազ. խմ) նկատմամբ հաշվարկվել է 6%, որը ենթակա է ճշգրտման բնական գազի փաստացի ջերմատվությունից կախված:

Հարկ է նշել, որ գազամատակարարման համակարգում սակագների վերանայման և սահմանման գործառույթը Հանձնաժողովի իրավասության տիրույթում է, ուստի սակագնային քաղաքականությունը իրականացնում է Հանձնաժողովը: Հետևաբար, բնական գազի համար սահմանվող սպառողական խմբերի ընտրությունը և հաստատումը կիրականացվի հայտն ուսումնասիրության ընդունելուց հետո՝ սահմանված ժամկետներում և շահագրգիռ կողմերի հետ դրանք քննարկելուց հետո՝ հաշվի առնելով նաև ՀՀ կառավարության կողմից տնտեսության առանձին ճյուղերին (սպառողական խմբերին) աջակցություն տրամադրելու վերաբերյալ առաջարկությունները»։

  • Կիսվել: