Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները մասնակցել են Մոսկովյան ֆինանսական համաժողովին
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը եւ նախարարի խորհրդական Արմեն Գեւորգյանն օրերս մասնակցել են Մոսկովյան ֆինանսական ամենամյա համաժողովին, որն այս տարի նվիրված է եղել Ռուսաստանի Դաշնության հետագա տարիների տնտեսական զարգացման ռազմավարության քննարկմանը:
Համաժողովի ընթացքում իշխանության, բիզնեսի, մասնագիտական եւ փորձագիտական համայնքների ներկայացուցիչները բաց երկխոսության ձեւաչափով քննարկել են ֆինանսատնտեսական հատվածի առանցքային հարցերն ու հիմնախնդիրները:
Մոսկվա կատարած այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալներ Տիմուր Մաքսիմովի եւ Ալեքսեյ Լավրովի, ինչպես նաեւ ՌԴ ֆինանսների նախարարության ֆինանսական գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Նազարովի հետ:
Քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների համագործակցության հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների միջեւ փորձի փոխանակման եւ հարաբերությունների սերտացման շուրջ՝ հիմնված համատեղ օրակարգի ձեւակերպման վրա:



