չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Եվրահանձնաժողովը  30 մլն եվրո է տրամադրում Հայաստանին COVID-19-ի հետևանքների դիմակայման համար

Եվրահանձնաժողովը  30 մլն եվրո է տրամադրում Հայաստանին COVID-19-ի հետևանքների դիմակայման համար

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Covid-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ համաձայնագրով 30 մլն եվրո տրամադրվելու է ազգային գանձապետարանին՝ ուղղակի բյուջետային չթիրախավորված աջակցության տեսքով։ Ծրագիրը նախատեսված է աջակցելու Հայաստանի՝ COVID-19-ի բռնկմանն ուղղված արձագանքին և մեղմելու առողջապահական, սոցիալ-տնտեսական ոլորտներում համավարակի բացասական հետևանքները:

Այդ գումարի 80 տոկոսը՝ 24 մլն եվրոն տրամադրվելու է միանվագ մասհանմամբ՝ առանց որևէ նախապայմանի՝ կառավարության կողմից COVID-19-ի արձագանքման միջնաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագրի մշակման և իրականացման գործընթացում առաջընթացի ընդհանուր նախապայմանի բավարարման արդյունքում:

Մնացած 6 մլն եվրո աջակցությունը տրամադրվելու է  համաձայնագրի նախագծի հատուկ նախապայմաններում ներկայացված COVID-19-ի ճգնաժամի գնահատման և արձագանքի  արդյունքների ապահովման արդյունքում:

Ծրագիրը նախատեսված է աջակցելու Հայաստանի՝ COVID-19-ի բռնկմանն ուղղված արձագանքին, և մեղմելու առողջապահական, սոցիալ-տնտեսական ոլորտներում համավարակի բացասական հետևանքները:

Դրանով նախատեսվում է Հայաստանում հարկային քաղաքականության բարելավում և առկա բացերի նվազեցմանն ուղղված ռազմավարական գործողությունների ծրագրի մշակում ու ընդունում:

Բյուջետային աջակցության ծրագրով նախատեսվում է նաև պլանավորման և բաշխման փուլերում հանրային ներդրումների առկա համակարգի բարելավում,մասնավորապես, հանրային ներդրումների ռազմավարական շրջանակի հստակեցում, ակնկալվող նախագծերի ընտրության, մշակման և գործարկման  համակարգի ներդրում։

Ծրագիրը թիրախավորում է նաև առողջապահության համակարգի պատշաճ վերազինումը՝ COVID-19-ի առաջացրած ճգնաժամին և միջնաժամկետ հեռանկարում առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներին դիմակայելունպատակով։

Ծրագրով նախատեսված է նաև օգնել Կառավարությանը աջակցելու խոցելի խմբերին և մասնավոր հատվածին՝  COVID-19-ի հետևանքների դիմակայման գործընթացում։

Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ սա COVID-19-ի հետևանքների չեզոքացման ծրագրերից մեկն է. «Մենք մեր Եվրամիության գործընկերների հետ հիմա քննարկում ենք ևս 2 ծրագիր, որոնց վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունները կներկայացնենք կառավարությանը»,- ասաց փոխվարչապետը։

 

  • Կիսվել: