ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ես Օսկանյանի խոսնակը չեմ. Փաշինյանը հաստատեց, որ հանդիպել են

Ես Օսկանյանի խոսնակը չեմ. Փաշինյանը հաստատեց, որ հանդիպել են

Ընդդիմության առաջարկներն արդեն ամբողջությամբ արտահայտված են իրենց թողած բանակցային ժառանգության մեջ: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ ակնկալիքն է, որ ֆունդամենտալ պրոբլեմներին եկեք անդրադառնանք. ֆունդամենտալ պրոբլեմն այն է, որ բանակցային իրականությունը մի բան է եղել, մենք եկել, տեսախցիկների առաջ ուրիշ բան ենք ասել: Ես 2018 թվականից փորձել եմ բանակցային սենյակներում և ժողովրդի հետ խոսակցությունը լինի նույնը, և դա շատ ցավոտ և բարդ պրոցես է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե նախօրեին ի՞նչ երրորդ տարբերակի մասին էր խոսում ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Փաշինյանն ասաց. «Թող իրենք հրապարակեն իրենց տարբերակները, ես իրենց խոսնակը չեմ: Ասում են՝ մենք 2018-ին սա էինք ուզում առաջարկել: Ինչ որ ուզում էին առաջարկել այն ժամանակ, թող հիմա հրապարակեն: Ես էլ դրան կարձագանքեմ»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց` Վարդան Օսկանյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հանդիպել է իրեն։

«Վարդան Օսկանյանն ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո փորձել է հանդիպել ինձ հետ, բայց չի՞ ստացվել։ Ես ասում եմ՝ 44-օրյա պատերազմից հետո նա հանդիպել է ինձ հետ»,–ասաց նա։

Նշենք, որ նախօրեին Վարդան Օսկանյանը հտակ նշել էր, թե ինչ էր պատրաստվում առաջարկել Նիկոլ Փաշինյանին հեղափոխությունից հետո: Նա մասնավորապես, նշել էր. «Ես իրեն (Նիկոլ Փաշինյանին-խմբ) խորհուրդ էի տալու, որ ինքը գնա երրորդ տարբերակով, որ համաձայներ Ադրբեջանին վերադարձնել 5 տարածքները փաստաթղթի ստորագրման դեպքում, եւ բանակցեր Ադրբեջանի հետ, որ Քելբաջարի եւ Լաչինի ոչ կորիդորային մասը վերադարձվի 3-5 տարվա ընթացքում: Բայց մինչ այդ Ադրբեջանը պետք է ապացուցեր, որ ինքը ի վիճակի է խաղաղ գոյատեւելու իր հարեւանի հետ: Բոլոր երաշխիքները, որ այդ փաստաթղթում կային՝ Անվտանգության խորհուրդ, խաղաղապահի ուժերի ներկայություն, միջանկյալ կարգավիճակ, ուժի մեջ պետք է մտնեին: Եթե Նիկոլ Փաշինյանը այդ օրերին գնար այդ ճանապարհով, ես ձեզ վստահեցնում եմ, որ այսօր մենք կունենայինք ամբողջական ԼՂԻՄ՝ Շուշիով, Հադրութով, 20 կմ-անոց միջանցքով՝ առանց զոհերի, դե ֆակտո անկախ հայկական Արցախ: Ես սրանում համոզված եմ»:

  • Կիսվել: