հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Երևանում կամ Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային, այդ թվում` Սփյուռքի մեր հայրենակիցների համար. Փաշինյան

Երևանում կամ Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային, այդ թվում` Սփյուռքի մեր հայրենակիցների համար. Փաշինյան

2025 թվականի դեկտեմբերին եկամտային հարկի համակարգն արդեն պիտի սկսեր Երևանից դուրս գալ, և որոշակի անհանգստություն ու լարվածություն կար, կային նաև մեզ ուղղված կոչեր՝ հետաձգելու այն, բայց մենք չգնացինք դրան և ճիշտ արեցինք, ու հիմա անշարժ գույքի շուկան շատ ակտիվ է, ինչը երևում է նաև վիճակագրությունից՝ շինարարությունից: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 27-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երկրորդային շուկան էլ բավականին ակտիվ է, և Կադաստրի կոմիտեի ղեկավարն ասաց, որ նախորդ տարվա համեմատությամբ այս տարի անշարժ գույքի հետ կապված 15 հազարով ավելի գործարքներ ունենք: Ընդ որում՝ սա վերաբերում է տարբեր գործարքներին: Դա միայն առքը և վաճառքը չէ»,- ասաց նա:

«Շատ ուրախությամբ եմ արձանագրում, որ Երևանում կամ Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային, այդ թվում՝ Սփյուռքի մեր հայրենակիցների ու այն մարդկանց համար, որոնք ուղղակի ուզում են ներդրում անել: Կան նաև այդպիսի մարդիկ, որ մտածում են՝ Հայաստանում տուն ձեռք բերելը լավ ներդրում է, որովհետև տունը ձեռք են բերում, վարձով են տալիս, և այդ գույքն ունի բարձր լիկվիդայնություն: Այսինքն՝ ըստ անհրաժեշտության՝ ավելի հեշտ կարող է վաճառվել»,- ասաց նա՝ միաժամանակ նկատելով, որ այս ֆոնին անշարժ գույքի գները շարունակաբար աճում են, և որ այդ մասին նամակներ է ստանում նաև այն քաղաքացիներից, որոնք բնակարան են վարձում:

«Նրանք, ովքեր ունեն անշարժ գույք, անշարժ գույքի գների աճը նրանց համար լավ նորություն է, որովհետև նրանք, ինչպես առիթ ունեցել եմ ասելու և քննադատության արժանանալու, իրենց տանը նստած՝ ուղղակի հարստանում են, որովհետև իրենց տան գներն աճում են»,- ասաց Փաշինյանը:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը մանրամասնեց՝ ակտիվությունը մեծ է, և կոմիտեին հասցեագրված դիմումների թիվը ևս աճել է, և որ անշարժ գույքի շուկայում ակտիվությունը հանգեցրել է նրան, որ արտասահմանից մեր հայրենակիցները ցանկություն են հայտնում նոր գույք ձեռք բերել ՀՀ-ում:

Այս գործընթացի մասով կարևորագույն փոփոխություններ են կատարվել: Ըստ Սուրեն Թովմասյանի՝ հիմա համապատասխան փոփոխություններ են կատարվում նաև էլեկտրոնային համակարգում, և պայմանագրի ինտեգրումից հետո հնարավորություն կլինի հիփոթեքային վարկով ձեռք բերվող գույքի վերաբերյալ պայմանագրերը կնքել և վավերացնել էլեկտրոնային համակարգում, այնուհետև ներկայացնել իրավունքի պետական գրանցման։

«Սա քաղաքացիներին տալիս է հնարավորություն, չլինելով ՀՀ-ում, բանակցել կառուցապատողի հետ և բանկի հետ, ձեռք բերել գույքը հեռահար ստորագրման մեխանիզմով, ինչը կրկին ազդելու է անշարժ գույքի շուկայի ակտիվացման վրա»,- ասաց նա:

  • Կիսվել: