երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Երևանում արտաքին գովազդի տեղաբաշխման չափորոշիչների կիրառման շնորհիվ կընդգծվի քաղաքի ճարտարապետական գեղեցկությունը

Երևանում արտաքին գովազդի տեղաբաշխման չափորոշիչների կիրառման շնորհիվ կընդգծվի քաղաքի ճարտարապետական գեղեցկությունը

Երևանի գեղեցկությունը, ճարտարապետական հետաքրքիր լուծումներով շենքերի նշանակությունն ու տեսքն ավելի ակնառու դարձնելու նպատակով 2024 թվականի հունվարի 1-ից իրագործվելու է «Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման չափորոշիչները» նախագիծը:

Նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն ասաց՝  2022 թվականի փետրվարի 8-ին, երբ Երևան քաղաքի ավագանու կողմից նշանակվել է  Երևանի քաղաքապետի տեղակալ, և ոլորտի համակարգումը փոխանցվել է իր տիրույթ,  առաջին բանը, որ  նկատել է, արտաքին գովազդի տեղադրման չափորոշիչների ոչ պատշաճ կիրառումն է եղել:

«Մեկ տարուց ավելի մենք Երևանի ավագանու որոշմամբ՝ նախագծի մակարդակով պատրաստեցինք չափորոշիչները, որոնք ընդունվեցին ավագանու կողմից 2023 թվականի ապրիլին: Այն տեքստով դյուրին չէ ու հեշտ չի հասկացվում, ուստի, հետևելով այլ քաղաքների օրինակին և միջազգային փորձին, մենք մշակեցինք վիզուալ ուղեցույց, որը տեղադրված է մեր կայքում: Այն հնարավորություն է տալիս պատկերավոր տեսնել, թե ինչ տիպի արտաքին գովազդ է կարելի տեղադրել, և ինչ տիպի՝ ոչ:  Չի նշանակում, որ ուղեցույցին կարելի է ծանոթանալ, միանգամից հանել արգելված գովազդն ու տեղադրել թույլատրելին: Ուղեցույցը նրա համար է, որ թղթաբանությունը քչանա, որպեսզի տնտեսվարողները քաղաքապետարան դիմելիս թույլտվություն ստանալուց առաջ մոտավոր պատկերացում ունենան, թե որ դիմումը կբավարարվի, որը՝ ոչ»,-նշեց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ իրենց նպատակը Երևանի գեղեցիկ ճարտարապետությունը ներկայացնելն է:

«Ամենայն հավանականությամբ՝ ռեֆորմի կյանքի կոչման արդյունքում եկամտային մասով, տուրքերի առումով Երևան քաղաքը ոչ թե ունենալու է  ավելացում, այլ ունենալու է նվազեցում: Միգուցե, այս ոլորտի ոչ այնքան համապարփակ կարգավորման պայմաններում  որոշակի ստվերի երևույթ էլ կա. կան տեղադրված գովազդային նյութեր, որոնց համար տուրք չի վճարվում, դրա հաշվին այդ նվազեցումը գուցե այնքան էլ մեծ չլինի, սակայն ռեֆորմը քաղաքի տեսքի մասին է: Եթե որևէ տնտեսական գնահատականի մասին խոսենք, ես համոզված եմ՝ եթե մեր քաղաքը  իր ողջ գեղեցկությամբ, որի պոտենցիալն ունի, երկարաժամկետ ներկայանա թե՛ երևանցիներին, թե՛ զբոսաշրջիկներին,  մենք երկարաժամկետում կարող ենք նաև ավելացումներ ունենալ»,-ասաց փոխքաղաքապետը:

Գրիգորյանը տեղեկացրեց՝ այժմ ակտիվ աշխատանքներ են իրականացվում. մինչև հունվարի մեկն արդեն հեռացվում են գովազդները. գործակարգավարական խորհրդակցությանը շաբաթական  կտրվածքով զեկուցվում են քանակները: Հեռացվում են այն գովազդային նյութերը, որոնք կա՛մ տեղադրվել են առանց  թույլտվության, կա՛մ տնտեսվարողները դիմել են քաղաքապետարան, խնդրել են թույլ տալ այդ կերպ գովազդ տեղադրել, մերժում են ստացել, որովհետև այն հակասում է չափորոշիչներին, սակայն տեղադրել են:

Այն գովազդային նյութերը, որոնք օրենքով տեղադրվել են նախկինում, բայց չեն համապատասխանում նոր չափորոշիչներին ևս կհանվեն, սակայն ապրիլին ընդունված որոշմամբ՝ նման գովազդների տնտեսվարողներին իրազեկվել է այդ մասին: Նրանք պետք է մինչև 2024 թվականի հունվարի մեկը փոփոխեն  գովազդները, հակառակ դեպքում համայնքը ստիպված է լինելու ինքնուրույն անել այդ փոփոխությունները, ինչն անցանկալի է:

«Ես քննարկումներ եմ ունեցել խոշոր տնտեսվարողների հետ և պետք է գոհունակությամբ ասեմ, որ հիմնականում բոլորի հետ ստացվել է  փոխըմբռնման գալ»,-նշեց նա:

Խոսելով Բաղրամյան պողոտայի գովազդների մասին՝ Գրիգորյանն ասաց, որ  տնտեսվարողներին տեղեկացրել են, որ մեծ վահանակները պետք է հանվեն, սակայն փոխարենը կարող են դնել փոքր վահանակներ, որոնց չափերը ևս չափորոշիչներով սահմանված են: «Այն մեծ վահանակները, որ մենք տարիներ շարունակ տեսել ենք, հիմնականում,  տեղադրվում են մայրուղիներում: Այնպես չէ, որ քաղաքում դրանք որևէ տեղ չեն կարող լինել: Մեզ մոտ հիմա արգելքը բացարձակ է, բայց  օրինակ Սարալանջում, որը նեղ տարածք չէ, և շենքերը  շատ հատվածներում բնակեցված չեն,  կարող են մեծ վահանակները որոշ ժամանակ մնալ:  Մենք շատ կանոններ ունենք,  բայց կնշեմ հիմնականները. հիմնականում շենքերի ֆասադները փակվում են գովազդի հետնամասի ֆոնի պատճառով: Օրինակ՝ վարդագույն գեղեցիկ շենք է,  տնտեսվարողն ունի ապրանքային նշան՝ կապույտ ետնամասով ու դեղին տառերով: Այդ կապույտ ետնամասը շենքի էական հատված փակում է: Մենք  առաջարկում ենք կապույտ ետնամասը հանել, միայն տառերը թողնել և այլն:  Շատ տնտեսվարողներ ասում են, որ իրենց ապրանքային նշանը դա է: Ոչ մի տեղ կանոն չկա, որ ապրանքային նշանի պատճառով պետք է շենքի  արտաքին տեսքը տուժի: Շենքի  արտաքին տեսքն ավելի լայն հանրային շահ է, քան մեկ տնտեսվարողի մասնավոր շահը, բայց  գործնականում, բոլոր դիզայներները կհաստատեն, երբ ընկերություններն իրենց մարքեթինգային  գրքույկը կազմում են, այնտեղ շատ տարբեր  տարբերակներ են լինում ապրանքային նշանի և նշվում է, թե որտեղ և որ պարագայում որն է պետք օգտագործել:  Միանշանակ է, որ մենք ոչինչ չենք հորինում. շատ քաղաքներ այդ պրակտիկան կիրառել են»,-շեշտեց Գրիգորյանը:

Նախագիծը կանոնակարգումներ է պարունակում նաև գովազդի բովանդակության վերաբերյալ: Փոխքաղաքապետն ասաց՝ այն շատ լայն է գրված. նշվում է, որ մոլորեցնող, անբարեխիղճ գովազդներն արգելվում են: «Պրակտիկայում պետք է բացվի, թե դա ինչ է նշանակում: Մենք մինչև հիմա դա ոլորտի ամենասուր խնդիրը չենք համարել, իսկ  հետագայում գովազդի ճշմարտացիության և ճիշտ բովանդակության  մասով օրենքով չափորոշիչներ կառաջարկենք»,-ընդգծեց Սուրեն Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ առհասարակ արգելվել է բուքմեյքերական ծառայությունների գովազդը, ալկոհոլի գովազդը  արգելված չէ, սակայն ունի սահմանափակումներ, և դրա պարագայում տուրքն ավելի բարձր է, քան սովորական գովազդի պարագայում, ինչը ևս զսպման տրամաբանության մեջ է:

«Կան կրթական հաստատություններ, որոնցից իքս հեռավորության  վրա պետք է գտնվեն նման գովազդները: Գործնականում պատահում է, որ մենք տնտեսվարողներին խնդրում ենք՝ եթե ալկոհոլի գովազդ է, շեշտադրումը կատարել  ապրանքային նշանի վրա, ոչ թե հենց  շշի վրա, որ մեծահասակը հասկանա, թե ինչի մասին է խոսքը, սակայն երեխաների համար այն դյուրին չլինի»,-նշեց  Գրիգորյանը:

Անդրադառնալով այն ավտոբուսներին կամ մեքենաներին, որոնք զբոսաշրջային ծառայություններ են մատուցում կայանելու պատճառով կենտրոնական փողոցներում խցանումներ ստեղծում՝ Սուրեն Գրիգորյանն ընդգծեց՝  նախ խնդիր է գեղագիտական տեսքը: «Մեր չափորոշիչներով թղթի, ստվարաթղթի վրա գովազդն արգելվում է, որովհետև շատ տգեղ է, երբ այն ավտոմեքենաների, շենքերի, սյուների վրա է և այլուր: Դա չի վերաբերում այն դեպքերին, երբ ապակու հետևում է թուղթը: Երկրորդ խնդիրն այն է, որ դրանք տուրքերի վճարման դաշտում չեն, հետո տրանսպորտային խնդիրն է, երբ նման մեքենաները տեղ են զբաղեցնում: Նման մեքենաների գովազդը հեռացնելու ստանդարտ գործիքակազմը չի աշխատում, որովհետև, երբ մենք կրիչները հանում ենք, այն տալիս ենք տնտեսվարողին, որովհետև դա նրա գույքն է, և երբ մեր տեսուչները գնում են, տնտեսվարողն այն կրկին փակցնում է: Մենք նախագիծ ենք մշակում, որ հնարավորություն ունենանք առնվազն երկրորդ անգամ կրիչը հանելուց հետո առգրավել այն»,-շեշտեց փոխքաղաքապետը:

Նա ասաց՝ Տրանսպորտի վարչության պետի հետ քննարկել են, միգուցե այն դեպքում, երբ կարմիր գծերի վրա կայանումը օգտագործվում է տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, վճարն ավելի բարձր լինի: «Տարբերակ երկրորդը գովազային նյութերի առգրավումն է. եթե միջամտություններն արդյունք չտան, երևի պետք է մտածել բուն ավտոմեքենան ուղարկել այլ տարածք,  կամ անգամ առգրավել այն:  Նախատեսված է նաև մշակել մի փաստաթուղթ, որը կոչվում է «Քաղաքաշինական  կանոնադրություն», որովհետև այսօր շենքերի տեսքն ապականող երևույթներից միայն մեկն է գովազդը, այլ երևույթներից են նաև կոնդիցիոներները և այլն: Կարծում եմ՝ միանգամից տուգանելը ճիշտ չէ. նախ պետք է իրազեկել,  ասել, թե ինչու է դա վատ: Ապացուցվել է, որ պատիժը խստացնելով՝ երևույթը չես փոխում:  Երբ հանրությունը սկսում է  դրա դեմ պայքարել,  իրավաբաններ էլ են հայտնվում, որոնք զարտուղի ճանապարհներով այդ գործընթացի կանգնեցման  ձև են գտնում: Ըստ իս՝ առաջին քայլը նորմալ կոնցեպտ ունենալն է ու հանրությանը բացատրելն է,  թե ինչու է դա վատ»,-եզրափակեց Սուրեն Գրիգորյանը:

  • Կիսվել: