շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԵԱՏՄ-ում կներդրվեն ապրանքների նկատմամբ հսկողության մեխանիզմներ

ԵԱՏՄ-ում կներդրվեն ապրանքների նկատմամբ հսկողության մեխանիզմներ

ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը

Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Միքայել Փաշայանը ներկայացնելով այն, նշեց, որ համաձայնագրի նպատակն է հետաձգելիության համակարգի միջոցով ԵԱՏՄ մի անդամ պետության տարածքից մեկ այլ անդամ պետության տարածք ապարանքների տեղափոխման օրինականությունն ապահովել։

Համաձայնագրով սահմանվում է Եվրասիական տնտեսական միությունում հետագծելիության մեխանիզմի ստեղծման և գործունեության կարգը:

Ըստ ՊԵԿ փոխնախագհի, համաձայնագրով նախատեսվում է, որ հետագծելիությունն իրականացվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվելիք ցանկում ներառված ապրանքների նկատմամբ: «Այսինքն՝ հսկողությունն իրականացվելու է այն ապրանքների գծով, որոնք մտցված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաստատած ցուցակի մեջ»,- ընդգծեց նա։

Միքայել Փաշայանը նշեց, որ համաձայնագրի գործողությունը չի տարածվում հետագծելիության ենթակա այն ապրանքների վրա, որոնք իրացվել են մանրածախ առևտրում: «Նման վաճառքից հետո այդ ապրանքի համար համակարգը կանգնում է և դադարեցվում է տեղեկատվության տեղադրումը»,- ասաց նա։

Բացի այդ, ըստ նրա, համակարգը չի տարածվում ԵԱՏՄ տարածքում վերամշակման ռեժիմով ներմուծվող ապրանքների վրա և չի տարածվելու նաև ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք ապրանքները ներմուծել են անձնական օգտագործման նպատակով։

Նշվեց նաև, որ հետագծելիության մեխանիզմը նախատեսվում է ներդնել հաջորդական փուլերի միջոցով. առաջին փուլում այն գործելու է պիլոտային ծրագրի շրջանակներում, որի ավարտից հետո այն հիմնական կներդրվի։

Միքայել Փաշայանն ասաց նաև, որ այս համաձայնագիրը բավականին երկարատև ու բարդ քննարկումներից հետո ստորագրվել է 2019 թվականի մայիսի 29-ին Նուր Սուլթանում։ Այժմ, ըտս նրա, խորհրդարանի վավերացման անհրաժեշտությունն ունի:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց համաձայնագրին:

  • Կիսվել: