երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Դեպի Շուռնուխ և Որոտան գնացող լրացուցիչ ճանապարհներ են կառուցվում․ Սանոսյան

Դեպի Շուռնուխ և Որոտան գնացող լրացուցիչ ճանապարհներ են կառուցվում․ Սանոսյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մոտ 20 օր առաջ է եղել Կապանում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։

«Կապան սկզբից գնացել եմ Տաթև-Աղվանի ճանապարհով, որովհետև ճանապարհն էր պետք տեսնել, վերադարձել եմ Գորիս-Կապան Մ2 ճանապարհով»։ 

Նա նշեց, որ եղել է նաև Շուռնուխ համայնքում։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ճանապարհն անվտա՞նգ էր, Սանոսյանն էլ արձագանքեց. «Ճանապարհը որոշակի խնդիրներ ունի, բայց, կարծում եմ՝ որևէ ռեալ վտանգ չկա»։

Հարցին՝ ինչպիսի՞ն է լինելու Գորիս-Կապան ճանապարհի ճակատագիրը, ի վերջո, այդ ճանապարհն անցնելու է թշնամու տիրապետության տա՞կ, նախարարն արձագանեց. «Մենք այդ ճանապարհից ձեռք չենք քաշելու, այդ ճանապարհը մեր ճանապարհն է՝ բացառությամբ երկու հատվածի, որտեղ վիճարկվող է, այսինքն՝ դեռ դելիմիտացիա-դեմարկացիա երևույթը ցույց կտա՝ դա այսպե՞ս է, թե՞ չէ: Ինչ վերաբերում է մնացած աշխատանքներին, մենք զուգահեռ կառուցել ենք Տաթև-Աղվանին, կառուցում ենք Շուռնուխ առանձին մոտեցող ճանապարհ, Որոտան առանձին մոտեցող ճանապարհ, Բարձրավան առանձին մոտեցող ճանապարհ։ Հետագայում մտածում ենք, որ այն ոլորանները, որոնք վիճարկվող են, դրանց շրջանցող հատվածներ կառուցել, որ ընդհանրապես խնդիր չունենանք»։

Հարցին՝ արդյոք ճանապարհների հետ կապված իրավիճակը չի՞ մտահոգում իրանցի գործընկերներին, և ի՞նչ տնտեսական խնդիրներ է առաջացրել ստեղծված իրավիճակը, նախարարը պատասխանեց՝ տնտեսական խնդիրներ առաջացրել է, իրենք էլ են մտահոգ։

«Հանդիպումների ընթացքում քննարկվում է՝ ինչ հնարավոր տարբերակներ կան, ինչպես կարող ենք խնդիրները կարգավորել»,- ասաց Գնել Սանոսյանը։ 

  • Կիսվել: