կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Բուժաշխատողների լիցենզավորումը չի լինելու բուհական թեստային քննություն. նախարար

Բուժաշխատողների լիցենզավորումը չի լինելու բուհական թեստային քննություն. նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է լիցենզավորման գործընթացի ռիսկերին։ Հիշեցնենք՝ օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է բուժաշխատողների պարբերաբար պարտադիր լիցենզավորման գործընթաց սահմանել։

«15415 ավագ բուժաշխատող ստացել է հավաստագիր։ Ակնկալվում է, որ այդքան մասնագետ անպայման պետք է լիցենզավորվի։ Սրան գումարվելու են նաև նորավարտները։ Սա բավական լուրջ նախապատրաստական աշխատանք է պահանջում։ Ամենակարևորը՝ պրոցեսը պիտի իրականացվի թափանցիկ, ներկայացուցչական, նոր ստանդարտներին համապատասխան։

Քննությունը չի լինելու զուտ բուհական թեստային առաջադրանքների տեսքով, այլ իրական սիտուացիոն խնդիրներ են դրվելու, որպեսզի մասնագետը ապացուցի, որ ի վիճակի է պրակտիկ լուծումներ գտնել»,- մանրամասնել է նախարարը։

Նա նշել է, որ խնդիրներ չեն լինի և լավ մասնագետները պրոբլեմ չեն ունենա ևս մեկ անգամ հավաստելու իրենց բարձր որակավորումն ու ստանալու լիցենզիա. «Իսկ այն անձինք, որ կարիք կունենան մի փոքր լրացնելու գիտելիքները, փոխելու մոտեցումները, մի քիչ ավելի էթիկական կանոններին ուշադրություն դարձնելու, հիվանդի հետ վարվեցողությունը վերանայելու, կարծում եմ՝ կարևոր է ստանդարտը բոլորի համար հավասար ներդնենք»։ 

Ավանեսյանը համոզված է, որ լիցենզավորման պահանջի ներդրումը որևէ կերպ չի նվաստացնի աշխատանքային երկար փորձ ունեցող բուժաշխատողների գործունեությունը, այլ ընդհակառակը. «Հենց այս մարդիկ են շահագրգռված լիցենզավորման համակարգի ներդրմամբ, որովհետև լավ մասնագետը, փորձառու անձը, էթիկայի նորմերին հետևող անձը շահագրգռված է, որ մյուսներն էլ այդպիսին լինեն։ Իսկ մենք այսօր որևէ ֆիլտր, որևէ սանդղակ չունենք։ Մասնագիտական համքարությունն է շահագռրգռված, որ բոլորը ձգտեն բարձր ստանդարտներին, ապահովեն նույն որակի բժշկական օգնություն ու սպասարկում, չխախտեն բժշկական էթիկակայի նորմերը»։

  • Կիսվել: