ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բենզինի գների կտրուկ տեղաշարժը պայմանավորված է արտաքին գործոններով․ ՏՄՊՊՀ անդամ

Բենզինի գների կտրուկ տեղաշարժը պայմանավորված է արտաքին գործոններով․ ՏՄՊՊՀ անդամ

Հայաստանում այս օրերին բենզինի գները կտրուկ իջել են, այն աստիճան, որ հնարավոր է 300 դրամով ավտոբենզին գնել։ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) անդամ Հայկ Կարապետյանը գնային կտրուկ տեղաշարժը պայմանավորում է արտաքին գործոններով։

«Մեր երկրում բենզինի գների կտրուկ նվազումը պայմանավորված է արտաքին գործոններով, տնտեսվարող սուբյեկտները ավելի էժան գնով են ներմուծումն իրականացնում», -InfoPort.am-ին այս մասին ասաց Հայկ Կարապետյանը։

Նշենք, որ վերջերս ՏՄՊՊՀ-ն հրապարակել էր երեք խոշոր տնտեսավարողների («CPS», «FLASH», «MAX oil») մոտ իրականացված վառելիքի մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները՝ 2020 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում:

Այդ ուսումնասիրության համաձայն, ռեգուլյար 92 տեսակի բենզինի գինը նվազել է 80-50 դրամով, պրեմիում 95 տեսակինը՝ 80-60 դրամով, սուպեր 98 տեսակինը՝ 40 դրամով:

«Բենզինի շուկայում գնային իջեցումների մասին Հանձնաժողովը ամենօրյա ռեժիմով ինֆորմացիա ստանում է, և հարցը մեր ուշադրության կենտրոնում է։ Եթե որևէ խնդիր առաջանա, և հանձնաժողովը հիմք համարի վարչական վարույթ հարուցել և ավելի մանրամասն ուսումնասիրել, ապա հանձնաժողովը կհարուցի, ու պաշտոնապես հրապարակում կլինի այդ մասին», -հավելեց ՏՄՊՊՀ անդամ Հայկ Կարապետյանը։

  • Կիսվել: