Ռուսաստանը լրացուցիչ բենզին է խնդրել Հնդկաստանից. աղբյուր
Ռուսական նավթային ընկերությունները դիմել են հնդկական նավթավերամշակման գործարաններին (ՆՎԳ)՝ խնդրելով ավելացնել Ռուսաստանին տրամադրվող բենզինի մատակարարումները, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների։
Ըստ աղբյուրների՝ հնդիկ գործընկերներին դիմել են «Ռոսնեֆտ» և «Գազպրոմ նեֆտ» ընկերությունները։ Առաջինը հուլիսին զրկվել է Սիզրանի և Սարատովի նավթավերամշակման գործարաններից, որոնք դադարեցրել են իրենց արտադրությունը ԱԹՍ-ների հարձակումներից հետո։ Երկրորդը հունիսին կորցրել է Մոսկվայի ՆՎԳ-ն, բացի այդ, ստիպված է եղել կանգնեցնել Օմսկի գործարանը, որն ամենախոշորն է Ռուսաստանում և երկար ժամանակ անհասանելի էր համարվում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուների համար։
Նշվում է նաև, որ ռուսական ընկերությունները դիմել են ինչպես Հնդկաստանի մասնավոր, այնպես էլ պետական նավթավերամշակման գործարաններին, սակայն վերջիններս պատասխանել են, որ արտահանման համար ավելցուկային ծավալներ չունեն:
Ըստ Reuters-ի աղբյուրների՝ բենզինի լրացուցիչ մատակարարումները, այնուամենայնիվ, հնարավոր են միջնորդների միջոցով, որոնք վառելիքը բաց ծովում կվերաբեռնեն մեկ տանկերից մյուսը։
Ռուսաստանը կարող է նաև դիզելային վառելիք խնդրել Հնդկաստանից, ինչպես պնդում են Reuters-ի աղբյուրները։ Բերքահավաքի թեժ պահին դիզվառելիքի արտադրությունը կրճատվել է 40%-ով, և իշխանությունները ստիպված են «ձեռքի կառավարման» ռեժիմով բաշխել հասանելի ծավալները՝ խանութներին սննդամթերքի անխափան մատակարարումն ապահովելու համար։ Գործակալության զրուցաիկները նշում են, որ ներկայումս դիզվառելիքի ներքին արտադրությունը բավարարում է պահանջարկը, սակայն ուկրաինական հարձակումները կարող են շարքից հանել նավթավերամշակման նորանոր հզորությունները։ Դրանք արագ գործարկելն անհնար է․ արտադրության վերականգնման համար առնվազն երկու ամիս կպահանջվի, այն էլ՝ միայն նոր հարվածների բացակայության դեպքում։



