երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բանկում խախտվել էր ուսումնական արձակուրդի վարձատրության իրավունքը

Բանկում խախտվել էր ուսումնական արձակուրդի վարձատրության իրավունքը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) քաղաքացուց դիմում-բողոք է ստացել այն մասին, որ հայաստանյան բանկերից մեկում ուսումնական պրակտիկա է անցել, սակայն այդ ընթացքում չի վարձատրվել։ 

ԱԱՏՄ տեղեկացմամբ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 200․1 հոդվածը սահմանում է ուսումնական արձակուրդի վարձատրության պայմանները, մասնավորապես՝ «Հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող աշխատողին ուսումնական արձակուրդի համար վճարում է գործատուն` յուրաքանչյուր օրվա համար աշխատողի միջին օրական աշխատավարձից ոչ պակաս չափով, եթե գործատուն աշխատողին գործուղել է սովորելու»:

Տեսչական մարմնի հարուցած վարույթի ընթացքում պարզվել է, որ տվյալ բանկում աշխատանքի ընդունելու նպատակով ուսուցում է կազմակերպվել 16 անձանց համար, որոնց հետ չի կնքվել պայմանագիր և որոնք այդ ժամանակահատվածի համար չեն ստացել կրթաթոշակ։

Վարույթի շրջանակներում գործատուն տեղեկացրել է Տեսչական մարմնին, որ նշված անձնաց վճարել է իրենց հասանելիք գումարը, ինչպես նաև այսուհետ ուսուցանվող անձանց հետ կնքում է պայմանագրեր և վարձատրում՝ օրենքով սահմանված կարգով և չափով։

  • Կիսվել: