չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱԺ-ն միաձայն ընդունեց Բաբկեն Թունյանի նախագիծը

ԱԺ-ն միաձայն ընդունեց Բաբկեն Թունյանի նախագիծը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հեղինակել է «Իմ քայլը» խմբացկության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Նախատեսվող փոփոխություններով կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագրերի շրջանակներում սահմանված ցանկում ներառված` ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի: Այսինքն` տնտեսվարողը ծախսագրումները կատարում է ոչ թե ընդհանուր կանոններով` ըստ սահմանված նվազագույն ժամկետների, այլ ինքնուրույն է որոշում այդ ժամկետը:

Նախագծով հնարավորություն կընձեռվի բոլոր տնտեսվարողներին, սակայն ժամանակավորապես` մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար:

«Ներդրումների խթանմանն ուղղված այլ միջոցառումների համատեքստում` այս հնարավորությունը կմեծացնի դրանց արդյունավետությունը և կնպաստի ներդրումների աճին ընթացիկ տարում, ինչը առավել քան կարևոր է կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների համատեքստում», - ասված է նախագծի հիմնավորման տեքստում:

 

  • Կիսվել: