հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Այժմ ամբողջ աշխարհն անցնում է մեսինջերներով շփումներին, էլեկտրոնային հաղորդակցությանը». Հակոբ Արշակյանը մասնակցել է «Նոր Փոստի ծնունդը» խորագրով միջոցառմանը

«Այժմ ամբողջ աշխարհն անցնում է մեսինջերներով շփումներին, էլեկտրոնային հաղորդակցությանը». Հակոբ Արշակյանը մասնակցել է «Նոր Փոստի ծնունդը» խորագրով միջոցառմանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 8-ին ներկա է եղել ՀայՓոստի կազմակերպած՝ «Նոր փոստի ծնունդը» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել են վերջին շրջանում ընկերության կատարած աշխատանքները, ձեռքբերումները, թվայնացման գործընթացը: Հայտարարվել է առաջիկայում գործարկվող «Էլեկտրոնային իրավահավաստի փոստ» ծառայության մասին:

Միջոցառմանը մասնակցել են նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ոլորտի պատասխանատուներ:

Ողջույնի խոսքում ԱԺ նախագահի տեղակալը շնորհավորել է ներկաներին ՀայՓոստի նոր ծառայությունների ներդրման կապակցությամբ եւ բարձր գնահատել մեր երկրում ընկերության գործունեությունը: Նա նշել է, որ 800-ից ավելի գրասենյակներով եւ 3000-ից ավելի աշխատակիցներով ՀայՓոստը խոշոր հարկատուների շարքում է. ծածկում է Հայաստանի փոստային լոգիստիկ ծառայությունների ամբողջ հատվածը:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ համաշխարհային միտումներով եւ տեխնոլոգիական զարգացումներով պայմանավորված՝ հեռագրից եւ նամակագիր փոստից այժմ ամբողջ աշխարհն անցնում է մեսինջերներով շփումներին, ինչպես նաեւ էլեկտրոնային հաղորդակցությանը: «Դրան համահունչ՝ զարգացում է ապրում ՀայՓոստը, եւ ուրախալի է, որ վերջին շրջանում նաեւ համաշխարհային տեխնոլոգիական զարգացմանը զուգահեռ նոր ծառայություններ, միասնական կենտրոններ են բացվում», - փաստել է խորհրդարանի փոխխոսնակը:

Հակոբ Արշակյանի խոսքով՝ ընկերությունը հեռավոր գյուղերում գտնվող ամենամեծ ենթակառուցվածքն է եւ կարեւոր օղակ է պետության քաղաքականության ու պետական ծառայությունների հասանելիության բարձրացման տեսանկյունից:

Առաջնահերթությունների շարքում ԱԺ փոխնախագահն առանձնացրել է իրավական համակարգի զարգացումը, օրենսդրական դաշտի բարեփոխումները՝ կապված թվայնացման օրակարգի հետ: Նա կարեւորել է քաղաքացիներին պետական ծառայությունների մատուցման հասանելիությունը, թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացումը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանի երեք քաղաքներում՝ Իջեւանում, Գյումրիում եւ Վանաձորում, փոստային բաժանմունքի նոր մոդել է գործարկվել: «Կարող ենք արձանագրել, որ սա մեծ առաջընթաց է մեկ վայրում քաղաքացիներին հարյուրավոր պետական ծառայություններ տրամադրելու առումով», - ասել է Հակոբ Արշակյանը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի գնահատմամբ՝ մեծ աշխատանք է կատարվել բավականին կարճ ժամանակահատվածում: Նա նշել է, որ իրականացված թվայնացման աշխատանքը հնարավորություն է տալիս հետ չմնալ աշխարհում տեղի ունեցող զարգացումներից եւ համոզմունք հայտնել, որ հանրությունը կընդունի բարեփոխումները, իսկ համակարգն արդյունավետ կկիրառվի:

Այնուհետեւ ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը մանրամասն ներկայացրել է ընկերության ձեռքբերումներն ու առաջիկա քայլերը: Հայկ Կարապետյանն ընդգծել է ՀայՓոստի զարգացման եւ կատարելագործման հարցում Հակոբ Արշակյանի զգալի ներդրումը, ով ԲՏԱ նախարար եղած ժամանակ աջակցել է ՀայՓոստի վերափոխման գաղափարի իրագործմանը:

  • Կիսվել: