ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Այս տարի Սևանից 170 միլիոն մետր խորանարդ ջուր բաց կթողնվի

Այս տարի Սևանից 170 միլիոն մետր խորանարդ ջուր բաց կթողնվի

«Պետք է այս պահին հիշողությամբ ասեմ՝  Սևանա լճի մակարդակը 1900․97 մետր է»,- ԱԺ հանձնաժողովների նիստում 2021 թվականի բյուջեի կատարողականը քննարկելիս այս մասին նշեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։  

Անդրադառնալով Սևանա լճից ջրառին՝ նախարարը նշեց․ «Այս հարցով մենք երեք օր առաջ  քննարկում ենք ունեցել Տարածքային կառավարման նախարարությունում, երեկ կառավարության նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով անցկացրեցինք կառավարության որոշումը՝ Սևանից 170  միլիոն խորանարդ մետր  ջրառ  իրականացնելու վերաբերյալ։ Ակտիվ քննարկում ենք, որ հավելյալ ջրառ իրականացնելու քիչ անհրաժեշտություն ունենանք։ Հուսամ՝ կկարողանանք 170 միլիոնը չգերազանցել»։

Նախարարը անդրադարձավ նաև ջրամբարների լցվածությանը․ «Ջրամաբարներում 207 միլիոն խորանարդ մետր հավելյալ կուտակում ունենք,  բայց հիմնականը՝ 195 միլիոնը, Ախուրյանի ջրամբարում է կուտակված,  դա Սևանից ջրառ իրականացնելու վրա  շատ մեծ ազդեցություն չունի։ Կփորձենք արդյունավետ օգտագործել մյուս ջրամբարները, որտեղ այդքան էլ շատ հավելյալ կուտակված ջուր չկա»։

Սիմիդյանը հույս հայտնեց, որ ջրամաբարների ճիշտ կառավարման արդյունքում, կփորձեն ոչ միայն չգերազանցել Սևանից ջրառի սահմանված չափը, այլ նաև ավելի քիչ ջուր բաց թողնել․  «Բոլորս Սևանին մեծ հոգատարությամբ ենք վերաբերվում, աշխատում ենք այդ ուղղությամբ »,- ընդգծեց նախարարը։

  • Կիսվել: