ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայ գյուղատնտեսները տուժելու են, բայց կառավարության այսօրվա դիրքորոշումն այն է, որ պետք է բացել շուկան. Քերոբյան

Հայ գյուղատնտեսները տուժելու են, բայց կառավարության այսօրվա դիրքորոշումն այն է, որ պետք է բացել շուկան. Քերոբյան

Բաց գրունտային դաշտի լոլիկը ամռանը կլինի, ի դեպ ասեմ, որ անցած տարի խորը դեֆիցիտ է եղել լոլիկի, իսկ այս տարի պահանջարկը շատ ավելի մեծ է լինելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Այս տարի մենք փորձում ենք այնպես անել, որ հումքի մթերման ծավալներն ապահովենք, ընդ որում՝ խոսքը ոչ միայն լոլիկի, այլև բադրիջանի մասին է, որովհետև անցած տարի հումքի քչության պատճառով բանջարեղենի մի մասը ստիպված ներկրվեց այլ երկրներից, հիմնականում Իրանից: Հիմա մեր խնդիրն հակառակն է, ապահովել մեր սննդի արդյունաբերությանը անհրաժեշտ հումքով։ Այս  ուղղությամբ մենք աշխատում ու համագործակցում ենք նաև մեր ինստիտուտների հետ, որոնք կարող են անհրաժեշտ տեխնոլոգիաներ տրամադրել, որպեսզի մենք կարողանանք նաև այդ տիպի արտադրանքի արտադրողականությունը բարձրացնել»:

Ինչ վերաբերում է Թուրքիայից լոլիկի ներկրման արդյունքում այս ապրանքի գների նվազման առիթով գյուղացիների մտահոգություններին՝ նա նշեց՝ քանի որ Թուրքիայից ներկրվող ապրանքների արգելքը չի երկարացվել, հետևաբար կարող էր շուկան ողողված լինել այդ երկրից ներկրվող ապրանքերով․

«Բնական է, որ բոլորը խուսափում են մրցակցությունից, որպեսզի ունենան բարձր եկամտաբերություն: Այո, կարծում եմ, որ հայ գյուղատնտեսները տուժելու են, բայց կառավարության այսօրվա դիրքորոշումն այն է, որ պետք է բացել շուկան, նույն խնդիր կա նաև այլ երկրներից ներմուծվող այլ ապրանքների առումով՝ իրանական, ռուսական, չինական։ Մեր աշխատանքը կայանում է նրանում, որ օգնի ընկերություններին բարձրացնել մրցունակությունը, որպեսզի կարողանան թե հայկական, թե արտաքին շուկաներում մրցակցեն: 2021 թ-ի մեր արտահանման ծավալներն աճել են 18 տոկոսով, իսկ ոչ հանքահումքային ապրանքների արտահանումն աճել է 28,3 տոկոսով, սա լավ ցուցանիշ է հատկապես, եթե հաշվի առնենք, որ արտահանման ծավալներն հատել են 3 մլրդ-ի սահմանագիծը»:  

  • Կիսվել: