ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Այն բռնի տեղահանվածներին, որոնք ՀՀ-ում ունեն անշարժ գույք, վարձավճարի համար գումար չի տրամադրվի. նախարար

Այն բռնի տեղահանվածներին, որոնք ՀՀ-ում ունեն անշարժ գույք, վարձավճարի համար գումար չի տրամադրվի. նախարար

Ծրագրով նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների ընտանիքների բոլոր անդամներին վեց ամիս տրամադրել 40-հազարական դրամ վարձավճարի համար և 10-հազարական դրամ կոմունալ վճարների համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կառավարության նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նա զեկուցեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և (կամ) կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին նախագիծը:

«ԼՂ-ից տեղահանված այն անձանց, որոնք ՀՀ-ում ունեն անշարժ գույք, վարձավճարի համար գումար չի տրամադրվի, բայց նրանք ևս կկարողանան օգտվել կոմունալ վճարների 10-հազարական դրամ աջակցությունից»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ ծրագիրն կիրականացվի 2023 թ. հոկտեմբերից մինչև 2024.թ մարտ ամիսը:

Մկրտչյանը հայտնեց, որ հոկտեմբերի համար վճարումները կիրականացվեն 100 հազար դրամ աջակցություն ստացածների ցանկի հիման վրա, իսկ նոյեմբերից՝ առցանց եղանակով ամենամսյա դիմումների հիման վրա, իսկ դիմումում անհրաժեշտ տեղեկատվության մանրակմասների մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Ըստ նախարարի՝այդ գումարները չի տրամադրվի պետության հոգացուծյան տակ գտնվողներին և  պետական տարածքներում բնակվողներին, ինչպես նաև նրանց, ովքեր հաշվառված են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում կամ ունեն անշարժ գույք:

«Այս ծրագրի համար, որն ընդունում ենք, մոտավորապես վեց ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեից կծախսվի 27  մլրդ դրամ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը և հայտարարեց, որ այդտեղ նույնպես պետք է թափանցիկության որոշակի ցուցանիշ ապահովվի:

  • Կիսվել: