ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ատոմակայանը կվերսկսի աշխատանքը հունիսի 27-ից

Ատոմակայանը կվերսկսի աշխատանքը հունիսի 27-ից

Մեծամորի ատոմակայանի նոր էներգաաբլոկի կառուցումը մնում է ուժի մեջ։

«Նախնական մեր ամբողջ ծրագրով  մինչև 2036 թվականը  կաշխատենք այս բլոկով,իսկ  2036  թվականից հետո արդեն նոր էլեկտրաբլոկով»,- ասում է ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը նշելով՝ ստեղծվել է հայ-ռուսական համատեղ հանձնաժողով, որը կորոշի կառուցվելիք Էներգաբլոկի հզորությունը։

«Տեխնիկա-տնտեսական հաշվարկի համար ստրուկտուրա ենք հիմա հաստատում, որպեսզի կարողանանք այդ հիմնավորումները կատարենք՝ հասկանանք սպառումը, հասկանանք ինչ կարժենա բլոկը և դիմենք Կառավարությանը»,- ասում Է Վարդանյանը։

Նոր ենթակայանի կառուցման համար մրցույթ է  հայտարարվելու։ Իսկ աշտարակահովացուցիչների մրցույթը հայկական ընկերություն է շահել, բացի այդ  առաջիկայում նոր՝ դիզել գեներատորային կայանի մրցույթ են հայտարարելու։

Վարդանյանի խոսքով՝  300 միլիոն ռուսական կրեդիտից մենք օգտագործել էինք մոտ 190 միլիոնի կարգի, մնացած գումարը, որ ռուսական կրեդիտի ժամանակը ավարտված է, մեր կառավարությունը մեզ է հատկացրել , հիմա մեր կառավարության միջոցների հաշվին շարունակում ենք աշխատանքը։

Անցած տարվա ընթացքում, երբ ատոմակայանը երկարաժամկետ պարապուրդի մեջ էր՝ իրականացվել է  մետաղի ջերմամշակում, որի ընթացքում մետաղը 150 ժամ շարունակ պահվել է  475 աստիճան ջերմության տակ,  այնուհետև որոշակի արագությամբ սառեցվել՝ մոտ 85 տոկոսով վերակենդանացնելով քայքայված  մետաղը։

«Դրանից հետո տեղի է ունեցել մետաղի հասկում ոչ քայքայող մեթոդներով հսկում, որի հիման վրա   մենք ունենք հաշվարկներ, որ ռեակտորի իրանը կարող է շահագործվել մինչև առնվազն 39 թվականը»,- նշում է ՀԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանը։

Հայկական Ատոմային Էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի նորոգման աշխատանքները շուտով կավարտվեն եւ  հունիսի 27-ից ատոմակայանը կվերսկսի աշխատանքը։ Վառելիքի վերալիցքավորման աշխատանքներն արդեն իսկ ավարտված են։ Այժմ իրականացվում են անվտանգության  բարձրացման որոշակի միջոցառումները։

Մինչ կկառուցվի  ատոմակայանի նոր էներգաբլոկը,  շարունակվում են վերազինել էներգիկ մյուս ենթակառուցվածքները։

  • Կիսվել: