հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արտակարգ դրության պայմաններում մենք ներքին շուկայում ունեցել ենք պարտատոմսերի բավականին հաջող թողարկումներ․ Ատոմ Ջանջուղազյան

Արտակարգ դրության պայմաններում մենք ներքին շուկայում ունեցել ենք պարտատոմսերի բավականին հաջող թողարկումներ․ Ատոմ Ջանջուղազյան

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ պատգամավորների տարբեր հայտարարություններին։

Մանսավորապես, խոսելով պարտքի ներգրավման մասին պատգամավորների հայտարարություններին, նախարարն ասաց, որ Հայաստանի կառավարությունը դիտարկում է պարտքի ներգրավման հնարավոր բոլոր տարբերակները՝ ոչ միայն արտաքին աղբյուրներից՝ վարկային կազմակերպություններից, միջազգային ֆինանսական շուկաներից, այլ նաև ներքին աղբյուրներից։ Բայց այդ, նրա խոսքով, բոլոր տարբերակները միաժամանակ դիտարկելը կիրառելի չէ։

«Մենք այսօր երկրի ներսում պետական պարտատոմսերի տեղաբաշխմամբ պարտք ներգրավելու պոտենցիալը չենք համարում ամենևին ավարտված՝ հաշվի առնելով իրացվելիության առկա աստիճանը։ Չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ նույնիսկ արտակարգ դրության պայմաններում մենք ունեցել ենք թողարկումներ ներքին շուկայում և ընդ որում՝ ունեցել ենք բավականին հաջողված թողարկումներ։

Օրինակ՝ ապրիլի 14-ին տեղի ունեցած թողարկմամբ 30 տարվա պարտատոմս էինք թողարկել ու հետաքրքրված էինք 20 մլրդ դրամ ներգրավելով, բայց պահանջարկը եղել է 79 մլրդ դրամ։ Եկամտաբերությունը եղել է 10,3 տոկոս։ Սա հստակ ցուցանիշ է և արտահայտում է վստահությունը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, իրականացվող միջոցառումների նկատմամբ», -հայտարարեց նախարար Ջանջուղազյանը։

Ըստ նախարարի, այն, ինչ 2020 թվականի բյուջեով ի սկզբանե նախատեսված է եղել, իրականացվելու է, սոցիալակն բոլոր ծրագրերն իրականացվելու են։

«Ավելին, մենք ամեն ջանք ներդնելու ենք, որպեսզի այն իրականացվի ամբողջ ծավալով։ Եթե անհրաժեշտություն առաջանա լրացուցիչ միջոցներ նախատեսել, որոնք կարող են հակազդել ճգնաժամին, մենք առաջարկությամբ հանդես կգանք։ Դարձյալ շեշտում եմ՝ անորոշության աստիճանը չափազանց մեծ է»,- հայտարարեց նախարարը։

  • Կիսվել: