երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Առաջին անգամ Հայաստանում  տեղի ունեցան ՀՀ-ի ու Նիդերլանդների գործարար համայնքների մերձեցմանն ուղղված գործարարության օրեր

Առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցան ՀՀ-ի ու Նիդերլանդների գործարար համայնքների մերձեցմանն ուղղված գործարարության օրեր

Առաջին անգամ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան նախաձեռնությամբ տեղի ունեցան երկու երկրների գործարար համայնքների մերձեցմանն ուղղված գործարարության օրեր։ Այս մասին հայտնում են դեսպանատնից:

«Նիդերլանդական-հայկական գործարարության օրեր 2022» երկօրյա միջոցառման ընթացքում քննարկվեցին նիդերլանդա-հայկական գործարար շրջանակների փոխշահավետ համագործակցության հեռանկարները, ներկայացվեցին շինարարության, գյուղատնտեսության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների հնարավորությունները, առկա խնդիրները և առաջարկվող խելացի լուծումները, հնարավոր ֆինանսավորման մեխանիզմները, նիդերլանդական ներդրումների ներգրավման համար հայկական շուկայի գրավչությունը:

«Նիդերլանդների ու Հայաստանի տնտեսական համագործակցության պոտենցիալը, միանշանակ, առկա է, ու մենք, դեսպանատան գործունեության երկու տարիների ընթացքում տեսնում էինք նման միջոցառման անհրաժեշտությունը։ Հուսով ենք՝ առաջիկայում համագործակցության ավելի բարձր մակարդակ տեսնել թե՛ մեր կողմից առանձնացված, թե մյուս ոլորտներում»,- նշեց Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը։

Հուլիսի 6-7-ը տեղի ունեցած գործարարության օրերի շրջանակում տեղի ունեցավ նաև Հայ-նիդերլանդական առևտրի պալատի պաշտոնական բացման արարողությունը։ Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան և Հայ-նիդերլանդական առևտրի պալատի միջև ստորագրվեց հուշագիր համատեղ կառուցողական մոտեցմամբ երկու երկրների գործարար համայնքի ավելի սերտ համագործակցության ու հեռանկարային նախագծերի իրականացման համար

«Հայ-նիդերլանդական առևտրի պալատի հիմնադրման գաղափարը վաղուց կար՝ աշխատանքի բերումով կապ ունենալով երկու երկրների շուկաների հետ, տեսնում էի անհրաժեշտությունը, վերջին մեկ տարում Հայաստանում Նիդերլանդների նորաբաց դեսպանատան հետ սերտ համագործակցության շնորհիվ գաղափարն իրականություն դարձավ: Պալատի առաքելությունը հայ-նիդերլանդական տնտեսական և կրթական կապերի զարգացումն ու ամրապնդումն է՝ երկու երկրների միջև չօգտագործված ողջ ներուժը իրացնելու շնորհիվ»,- նշեց պալատի նախագահ Լևոն Հայրապետյանը։

  • Կիսվել: