ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առաջարկվում է լիզինգի առարկայի դիմաց ստացված վճարները դիտել որպես նվազեցում

Առաջարկվում է լիզինգի առարկայի դիմաց ստացված վճարները դիտել որպես նվազեցում

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար։

ՀՀ կառավարության ներկայացուցիչ Նաիրա Մարգարյանը, նշեց, որ նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են լիզինգային գործունեության զարգացմանը ՀՀ-ում:

«Նախագիծը նախատեսում է լիզինգի գործիքը և իր կիրառման շրջանակը հավասարեցնել ֆինանսական և վարկավորման այլ գործիքների։ Փոփոխությունների փաթեթում նպատակ է դրվել լիզինգի համար օրենսդրական դաշտը բարելավել՝ հիմնական միջոցների ներմուծման, վաճառքի, հայրենական արտադրության խթանման նպատակով»,- ասաց Նաիրա Մարգարյանը։

Նրա խոսքով՝ գործող Քաղաքացիական օրենսգիրքը չէր կարգավորում լիզինգի տարբեր տեսակները , ինչպիսիք ենք կրկնակի լիզինգը, հետադարձ լիզինգը, որոնք իրենց բնույթով հանդիսանում են երկկողմանի գործարքներ, բացի այդ, հստակ կարգավորված չեն ֆինանսական վարձակալության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքը, լիզինգի առաջկայի հետ կապված փոխհարաբերությունները և այլն։  

Նաիրա Մարգարյանը ներկայացրեց, թե ինչ կարգավորումներ են առաջարկում։

Մասնավորապես, ըստ նրա, Հարկային օրենսգրքով առաջարկվում է լիզինգի առարկայի դիմաց լիզինգատուի կողմից ստացված վճարները դիտել որպես նվազեցում, ինչը հնարավորություն կտա լիզինգատուին պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում լիզինգի առարկան օտարել կամ երկրորդային լիզինգով տրամադրել իրական արժեքին մոտ արժեքով։

Բացի այդ, նախատեսվում է լիզինգային գործարքների ժամանակ առարկայի տիրապետման, օգտագործման ժամանակահատվածում գույքահարկ վճարող համարել լիզինգառուին, ինչպես նաև առաջարկվում է ԱԱՀ չնախատեսող գործարքներով ձեռք բերվող առարկայի համար լիզինգատուի կողմից ԱԱՀ չհաշվարկել։

«Առաջարկվում է նաև սահմանել պետական մարմինների միջև գույքահարկի հաշվարկման համար տեղեկությունների փոխանակման կարգը՝ լիզինգային գործարքների համար: Սրանով գույքահարկի գումարներն ուղղվում են համայնքային բյուջե»,- ասաց զեկուցողը։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում ի՞նչ փոփոխություններ են իրականացվել օրենքի նախագծում, Նաիրա Մարգարյանն ասաց, որ քննարկումների արդյունքում տեխնիկական շտկումներ են իրականացվել։

«Մի շարք հարցեր կային, որ պետք է փոփոխվեին և մոտ էին դրանց լուծմանը, սակայն բանկերը դեռ չեն կողմնորոշվել՝ դա իրենց ձեռնտո՞ւ է, թե ոչ։ Օրինակ, խոսքն այն մասին է, թե հնարավո՞ր է գույքը ձեռք բերելիս ամբողջությամբ հաշվանցել ԱԱՀ-ն, թե՞ քիչ-քիչ դա արվի։ Բայց հասկանալով, որ դա հիմա իրենց վրա մեծ բեռ կդնի ԱԱՀ վճարելու համար, իրենք այս պահին հապաղում են։ Իհարկե մենք շարունակելու ենք քննարկումները»,- նշեց նա։

Այսպիսով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց։

  • Կիսվել: