հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն ներկա են գտնվել արտակարգ իրավիճակների տարբեր սցենարներով ցուցադրական վարժանքին (տեսանյութ)

Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն ներկա են գտնվել արտակարգ իրավիճակների տարբեր սցենարներով ցուցադրական վարժանքին (տեսանյութ)

Մայիսի 20-ին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվեց ուսումնավարժանք, որը՝ նվիրված էր կենտրոնի գործունեության տասնամյակին։
 
Ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի խորհրդի համանախագահ Կամո Ցուցուլյանը, ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն, ինչպես նաև ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, հյուրեր։
 
Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն շրջայց կատարեցին օպերատիվ կառավարման բաժնում, ծանոթացան կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը, արագ արձագանքման կարողություններին և նորարարական լուծումներին։
 
Ցուցադրական վարժանքը արտակարգ իրավիճակների տարբեր սցենարներով էր՝ ավտովթար, պայթյուն, հրդեհ, արգելափակում շենքում, ականազերծում, քարաթափում և այլն։
 
Փրկարար ջոկատները օպերատիվորեն մարեցին հրդեհը, պարանային տեխնիկայի կիրառմամբ իրականացրեցին տուժածների տարհանում, իսկ բարձրադիր հատվածներում ցուցադրեցին մագլցման հմտություններ՝ ցուցաբերելով արագ և համակարգված արձագանք։
 
Առաջին բուժօգնություն-ցուցադրական վարժանք իրականացրեց 911 ծառայության անձնակազմը: Իրականացվեց նաև ստացիոնար բուժօգնության կարիք ունեցող տուժածին ուղղաթիռով տեղափոխման իմիտացիա։
 
Կենտրոնի տարածքում ցուցադրվեց արտակարգ իրավիճակներում կիրառվող ավտոպարկը՝ հրշեջ, ջրափրկարարական, 911 առաջին բուժօգնության և այլ մասնագիտացված մեքենաներ։
 
Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն բարձր գնահատեցին կենտրոնի գործունեությունը՝ ընդգծելով համագործակցության, կուտակված փորձառության և արձագանքման արդյունավետ համակարգի կարևորությունը։
 
Ավարտին Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն պատասխանեցին լրատվամիջոցների հարցերին:

  • Կիսվել: