չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Առաջարկվում է անհատական բնակելի տան կառուցապատող համարվող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ազատել լրացուցիչ ծախսերից

Առաջարկվում է անհատական բնակելի տան կառուցապատող համարվող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ազատել լրացուցիչ ծախսերից

ԱԺ-ն քննարկում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» առաջարկվող փոփոխությունները: Նպատակն անհատական բնակելի տան կառուցապատող համարվող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց լրացուցիչ ծախսերից ազատելն է:

«Այժմ, երբ մեր քաղաքացիները նոր անհատական բնակելի տուն կառուցելուց հետո 2 տարվա ընթացքում որոշեն վաճառել այն, նրանք ստիպված են վճարել 20 տոկոս եկամտային հարկ: Մենք առաջարկում ենք հանել այդ դրույթը»,- ասաց օրենքի համահեղինակ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:

Նախագծով սահմանվում է, որ եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում նաև անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից անհատական բնակելի տան, շինությունների կամ այլ տարածքների՝ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարումից ստացվող եկամուտները, եթե անհատական բնակելի տունը, շինությունները կամ այլ տարածքներն օտարվել են դրանց ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում:

Գևորգ Պապոյանը նշեց, որ նախկինում փոփոխությունն ընդունվել է՝ բացառելու գործարարությամբ զբաղվող անձանց՝ անհատների անվան ներքո գործունեություն ծավալելու դեպքերը:

Բայց, ըստ, նրա, ՊԵԿ-ի առկա գործիքակազմը բավարար է վարչարարությունն իրականացնելու համար:

«Սա վերաբերում է հազարավոր մեր քաղաքացիներին, որոնք սոցիալական խնդրահարույց վիճակում են»,- ասաց Պապոյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն էլ ավելացրեց, որ գործող օրենքով շատ դեպքերում 20 տոկոս եկամտային հարկով ծանրաբեռնվում են այն գործարքները, որոնք ի սկզբանե հարկելու նպատակ չի եղել:

«Ինչո՞ւ, որովհետև այդ 20 տոկոս բեռը, որ նախատեսված է կառուցապատողի համար, իրականում նախատեսված է այն դեպքերի համար, երբ ֆիզիկական անձը զբաղվում է  ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով բնութագրվող կառուցապատմամբ, կառուցապատում է անհատական բնակելի տներ ու վաճառում: Այդ դեպքերի դեմ պայքարի համար, գործող օրենսդրությամբ, կա ՊԵԿ-ին վերապահված գործիքակազմ»,- ասաց Պողոսյանը:

  • Կիսվել: