հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2020
Ապրիլին Վրաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 16,6%-ով

Ապրիլին Վրաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 16,6%-ով

2020-ի ապրիլին Վրաստանի ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 16,6%-ով: Տնտեսական աճի վերաբերյալ նախնական տվյալները այսօր հրապարակել է Վրաստանի Ազգային վիճակագրության ծառայությունը՝ «Սաքստատ»-ը, գրում է jnews.ge-ն։

Այս տարվա առաջին եռամսյակի վերջում Վրաստանի ՀՆԱ-ն կորցրել է 3,6%՝ 2019-ի հունվար-մարտի համեմատ:

Ըստ «Սաքստատ»-ի՝ ապրիլին կորոնավիրուսի համավարակի ֆոնի վրա լուրջ անկում է արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Միակ բացառությունը հանքարդյունաբերությունն է եղել:

Ազգային վիճակագրության ծառայության պետ Գոգիտա Թոդրաձեն կտրուկ թվերը բացատրում է արտաքին առևտրաշրջանառության անկմամբ և ԱԱՀ վճարող ձեռնարկությունների շրջանառությամբ, որոնք ապրիլին կորցրել են գրեթե 33%, ինչը կազմում է 4,2 միլիարդ լարի:

«Հատկապես հարկ է նշել ԱԱՀ վճարող ձեռնարկությունների շրջանառության կրճատումը շինարարության, առևտրի, արտադրության, տրանսպորտի, հյուրանոցների և ռեստորանների ոլորտներում, ինչպես նաև անշարժ գույքի գործառնությունների, մշակույթի, զվարճանքի և հանգստի ոլորտներում», - այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թոդրաձեն:

«Ապրանքների արտահանումը նվազել է 28%-ով և կազմել 223 միլիոն դոլար, ներմուծման ցուցանիշները կրճատվել են 39%-ով… Վրաստանից ուղևորատար ավտոմեքենաների վերաարտահանման ցուցանիշը կրճատվել է 87%-ով», – հայտնել է նա:

Թոդրաձեն հիշեցրել է, որ ապրիլին Վրաստանում շատ կազմակերպություններ սահմանափակել էին իրենց գործունեությունը կամ ամբողջությամբ կասեցրել աշխատանքը: Երկրում ստեղծված ծանր իրավիճակը ազդեցություն է ունեցել ձեռնարկությունների գրանցման մակարդակի վրա էլ: Այսպիսով, ապրիլին գրանցվել է ընդամենը 307 նոր ձեռնարկություն, ինչը 93%-ով պակաս է 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշներից:

Վրաստանում COVID-19 վարակի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: Հիվանդության տարածումը կանխելու համար` մարտի 21-ից մայիսի 22-ը երկրում արտակարգ դրություն էր գործում: Տնտեսական գործունեությունը մասնակիորեն շարունակում է մնալ սահմանափակ մինչ օրս:

Եթե փետրվարին Վրաստանի տնտեսությունը նախորդ տարվա համեմատ աճել էր 2,2%-ով, ապա մարտին ՀՆԱ-ի անկումը կազմել է 2,7%:

ԱՄՀ-ն ենթադրում է, որ Վրաստանում տնտեսական անկումը 2020 թվականին կկազմի 4%, իսկ գնաճը՝ 4,6%: Այնուամենայնիվ, 2021 թվականի համար ԱՄՀ-ի կանխատեսումները բավականին լավատեսական են: Ըստ կազմակերպության՝ 2021 թվականին Վրաստանի տնտեսությունը կաճի 3%-ով, իսկ գնաճը կնվազի մինչև 3,7%:

Մայիսի կեսին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) թարմացրել է կանխատեսումը՝ Վրաստանի ՀՆԱ-ի վերաբերյալ, ըստ որի, 2020 թվականին երկրի տնտեսությունը կնվազի 5,5%-ով: Ըստ ՎԶԵԲ-ի, 2021 թ.-ին աճը նախատեսվում է 5,5%-ով, ինչը վկայում է կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամից հետո տնտեսական վերականգնման մասին:

Ըստ Ազգային բանկի կանխատեսման, այս տարի Վրաստանի տնտեսության անկումը կկազմի 4%, ինչը պայմանավորված է տեղական և արտաքին պահանջարկի նվազմամբ:

2019-ի վերջին Վրաստանի տնտեսությունն աճել է 5,2%-ով, ինչն ավելի բարձր է, քան կանխատեսված 4,5%-ը:

  • Կիսվել: