երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԱՊՀ երկրների միջեւ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն կստեղծվի

ԱՊՀ երկրների միջեւ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն կստեղծվի

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց «Հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագրին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի նախագիծը մշակվել է ԱՊՀ երկրների ֆինանսական հետախուզության մարմինների (ՖՀՄ) ղեկավարների խորհրդի կողմից:

Համաձայնագրի նպատակն է ԱՊՀ անդամ պետությունների միջև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ ՝ ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի ոլորտում համագործակցության խթանումը, ՓԼ/ԱՖ ռիսկերի անդրազգային գնահատման ապահովումը, ՖՀՄ-ների միջև տեղեկատվական համագործակցության արդյունավետության մակարդակի բարելավումը:

Համաձայնագիրը նախատեսում է Հանցավոր եղանակով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոնի (այսուհետ ՝ Կենտրոն) ստեղծում: Կենտրոնի հիմնական խնդիրներն են ՓԼ/ԱՖ ռիսկերի անդրազգային գնահատումը, ՓԼ/ԱՖ ռիսկերի վերհանման և գնահատման համար անհրաժեշտ միասնական տեղեկատվական բազայի ստեղծումը, ՖՀՄ-ների միջև էլեկտրոնային համագործակցության միասնական չափանիշների մշակումը և ներդրումը, միջազգային համագործակցության ընթացքում տեղեկությունների փոխանակման անվտանգության ապահովումը:

Համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկությունների վրա տարածվում են գաղտնիության այն ռեժիմները, որոնք նախատեսված են տվյալ տեղեկության համար տեղեկությունը ներկայացնող երկրի օրենսդրությամբ: Համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկությունները կարող են օգտագործվել համաձայնագրում ներկայացված նպատակներով և չեն կարող փոխանցվել երրորդ անձանց առանց տեղեկությունները ներկայացնող կողմի համաձայնության:      

Կենտրոնի տեխնիկական, կազմակերպչական և տեղեկատվական ապահովումը իրականացվում է ՌԴ Ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայության կողմից:

  • Կիսվել: