չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Ուկրաինան և Ռուսաստանը դարձյալ հարվածներ են հասցրել միմյանց

Ուկրաինան և Ռուսաստանը դարձյալ հարվածներ են հասցրել միմյանց

Հուլիսի 15-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է երկու Kh-59/69 կառավարվող հրթիռ և 122 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ  ժամը 8:30-ի դրությամբ խոցվել է 101 ԱԹՍ։

Սումիի իշխանությունները հայտնել են, որ օդային հարվածի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 20 մարդ։

Օդեսայի մարզի իշխանությունները հայտնել են, որ հուլիսի 15-ի առավոտյան հարձակման հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 8 մարդ։ Մարզը զանգվածային հարվածների է ենթարկվում արդեն հինգ օր շարունակ։

Զապորոժիեի մարզում ԱԹՍ-ի հարվածից 1 մարդ է զոհվել։

Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարն էլ հայտնել է, որ Կրիվոյ Ռոգի շրջանում տեղի ունեցած հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել։ Եվս 1 զոհ է գրանցվել Չեռնիգովի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով Նիկոլաևի մարզում 67-ամյա տղամարդ է զոհվել, ևս 1 մարդ վիրավորվել է։

Խարկովում էլ կառավարվող ավիառումբերի հարվածի հետևանքով 7 մարդ է վիրավորվել։

Իր հերթին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 14-ի ժամը 20:00-ից մինչև հուլիսի 15-ի 07:00-ն ընկած ժամանակահատվածում հակաօդային պաշտպանության համակարգերը «որսացել և ոչնչացրել են» ուկրաինական 93 ԱԹՍ Ռուսաստանի 6 շրջանում, այդ թվում՝ Մոսկվայում, Ղրիմում, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի երկնքում։

Ինչպես հաղորդել է Վորոնեժի նահանգապետը՝ մեկ մարդ վիրավորվել է, վնասվել է երեք մասնավոր տուն։

Դոնի Ռոստովի նահանգապետն էլ հայտնել է, որ ընկնող ԱԹՍ-ի բեկորները վնասել են մասնավոր տան տանիքը, զոհեր չեն գրանցվել։

  • Կիսվել: