ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՆԻՖ-ի հակաճգնաժամային ֆոնդը բաժնեմասային ներդրում է իրականացնում «Ապագա փրոջեքթս»-ում

ԱՆԻՖ-ի հակաճգնաժամային ֆոնդը բաժնեմասային ներդրում է իրականացնում «Ապագա փրոջեքթս»-ում

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) դուստր «Ձեռնարկատեր + պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի ներքո գործող ներդրումային ֆոնդը բաժնեմասային ներդրում է իրականացնում «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ում։

«Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ն համակարգում է երկու ծրագիր Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրը և «Ելլ էքստրիմ փարք» զվարճությունների այգին։ Ընկերության երկու ծրագրերը գյուղական համայնքներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացման և տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման հաջող օրինակ են։

ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի տնօրեն Բելլա Մանուկյանը մեկնաբանել է ծրագիրը. «Հաջողված և աճի պոտենցիալ ունեցող ծրագրերում ներդրումները հավելյալ տնտեսական արդյունք են ապահովում՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և զարգացման հեռանկար։ «Ձեռնարկատեր + պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի ներքո գործող ներդրումային ֆոնդն առավելագույնս դիվերսիֆիկացնում է իր պորտֆելային ծրագրերը՝ թե՛ ոլորտների և թե՛ աշխարհագրության առումով։  «Ապագա փրոջեքթս»-ի հետ համատեղ նախաձեռնությունը կարևոր է հատկապես մարզերում ժամանակակից, կենսունակ, մրցակցային ծրագրի ընդլայնման և համայնքի համար նոր տնտեսական հնարավորությունների ստեղծման առումով»։

«Պետական և մասնավոր ոլորտի արդյունավետ համագործակցության հերթական այս ձևաչափը պետք չէ դիտարկել բացառապես բիզնես և ներդրումային առանցքում։ Այս համագործակցությունը նախևառաջ ուղղված է 200 ընտանիքից բաղկացած համայնքի զարգացմանը և համայնքային կյանքի բարելավմանը, այդ թվում՝ մեր մարզում աշխատատեղերի ստեղծման միջոցով։ Հենց այս տրամաբանությունն է դրված եղել Ենոքավանում 15 տարի առաջ իմ ընտանիքի կողմից իրականացված նախաձեռնության հիմքում. բարեխիղճ և ընդլայնվող բիզնեսի միջոցով նպաստել նաև տարածաշրջանի զարգացմանը»,- իր խոսքում ասել է «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Տիգրան Չիբուխչյանը։

«ԱՆԻՖ»-ի և «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ի միջև համագործակցությունն ուղղված է լինելու «Ելլ Էքստրիմ փարք»-ի նոր՝ մոտ 2,5 կմ երկարությամբ զիփլայնի կառուցմանը և սպորտային զվարճության նոր հարթակի ներդրմանը, ինչպես նաև «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրի ենթակառուցվածքների զարգացմանը և համարային ֆոնդի ավելացմանը։

Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում «Ելլը» կկարողանա երեք անգամ ավելացնել թողունակությունը և գրեթե կկրկնապատկել ընձեռված կայուն աշխատատեղերի քանակը։

  • Կիսվել: