ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու ՀԲ ներկայացուցիչները աշխատանքային քննարկում են անցկացրել

ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու ՀԲ ներկայացուցիչները աշխատանքային քննարկում են անցկացրել

ց

Հանդիպման սկզբում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց ՀԲ կողմից ֆինանսավորվող՝ Պետական հատվածի արդիականացման ծրագրի 3-րդ փուլի շրջանակներում նախորդ տարիներին իրականացված ծրագրերի համար, որոնց արդյունքում կատարելագործվել էին E-Visa և E-Consul էլեկտրոնային համակարգերը, իսկ նախարարությունը վերազինվել էր տեխնիկական տարբեր միջոցներով և սարքավորումներով։

Այնուհետև Վահագն Մելիքյանը ներկայացրեց ԱԳՆ նորարարությունը, որը նախատեսում է անձանց նույնականացումն ավանդական դեմ-առ-դեմ մեթոդով իրականցնելու փոխարեն իրականացնել հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով և հյուպատոսական մի շարք ծառայությունների մատուցումը հասանելի դարձնել առցանց եղանակով։ Նաև նշվեց, որ այդ ամենի համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններն արդեն իսկ կատարված են։

ՀԲ պաշտոնական ներկայացուցիչ Արման Վաթյանն ի պատասխան նշեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ նախկինում իրականացված ծրագրերը հաջողված են և արդյունավետ, հետևաբար իրենք շահագրգռված են շարունակել համագործակցությունը նաև առաջարկվող նախագծի շրջանակներում։

Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանն իր հերթին ընդգծեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միշտ հանդես է գալիս նորարարական լուծումներով և թվայնացման տեսանկյունից նախարարությունների շարքում առաջամարտիկներից է։ Նա նաև հավելեց, որ անհրաժեշտ է ստեղծվող տեխնիկական լուծումները մշակել այնպես, որ հնարավոր լինի դրանց կիրառումը նաև այլ պետական մարմինների կողմից՝ կատարելով համապատասխան տեղայնացում։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն առաջարկեցին ներկայացնել նաև նախարարության երկարաժամկետ ծրագրերով նախատեսվող նոր գաղափարներ՝ կապված Էլեկտրոնային կառավարման հետ։

Կողմերը քննարկեցին ներկայացված նախագիծը կյանքի կոչելու համար անհրաժեշտ քայլերը և նախանշեցին դրանց ժամկետները։

  • Կիսվել: