Ֆրանսիայում ուսանողների ցույցերի հետևանքով հաստատություններին պատճառված վնասը կազմում է մոտ 30 մլն եվրո
Ֆրանսիայում ավագ դպրոցների աշակերտները և համալսարանների ուսանողները, որոնք բողոքում են կրթական համակարգի հետ կապված խնդիրներից, կոչ են արել շարունակել ցույցերը, որոնց վերջին երկու օրում հարյուր հազարավոր մարդիկ են մասնակցել:
Բողոքի ակցիաների երեք շաբաթվա ընթացքում ավելի քան 6000 մարդ է ձերբակալվել, մեծ մասն՝ անչափահասներ: Հազարից ավելի մարդ տուժել է, այդ թվում՝ ոստիկաններ: Ֆրանսիան դադարեցրել է լուսաձայնային նռնակների կիրառումը, քանի որ նման նռնակի պայթյունի հետևանքով 15-ամյա մի աշակերտ զրկվել է ձեռքից: Ուսումնական հաստատություններին պատճառված վնասը կազմում է մոտ 30 մլն եվրո:
Հարևան Բելգիայի Լիեժ քաղաքում ևս ուսանողական ցույցեր են տեղի ունեցել: Ակցիայի մասնակիցները հրկիզել են քաղաքային գույքը: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանները գործի են դրել ջրցան մեքենաներ: Հարյուրից ավելի մարդ բերման է ենթարկվել: Ուսանողները բողոքում են ուսումնական վարձի թանկացման, ծանրաբեռնված դասացուցակների և դասասենյակների գերբեռնվածության դեմ:



