հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգը Թբիլիսիում

Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգը Թբիլիսիում

«Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում» ծրագրի հանդիսավոր բացումն ազդարարվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով, որը տեղի է ունեցել Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի պետական թատրոնում։ Ծրագիրը նվիրված է ՀՀ ասնկախության 35-ամյակին։

Շնորհավորելով Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի մեկնարկի կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ Հայաստանի և Վրաստանի բարեկամության դարերի պատմությունը հիմնված է ոչ միայն ընդհանուր տարածաշրջանի, հարևանության ու պատմական առնչությունների, այլև մարդկային ամուր կապերի, փոխադարձ հարգանքի և մշակութային հարուստ երկխոսության վրա։

«Այս տարի Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության 35-ամյակը։ Պահպանելով ինքնության ու մշակութային ժառանգության հարուստ ավանդույթները՝ մեր պետությունը շարունակել է զարգանալ և ներկայանալ աշխարհին իր մշակույթի բազմազանությամբ ու ստեղծագործական ներուժով։ Անցած տասնամյակները կարևոր ժամանակահատված են եղել մեր երկու պետությունների հարաբերությունների զարգացման և փոխադարձ համագործակցության ամրապնդման համար։ Այսօր ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացված այդ հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ, իսկ մշակույթն իր առանձնահատուկ տեղն ունի այդ համագործակցության մեջ՝ ստեղծելով մարդկանց, հասարակությունների և ստեղծագործական համայնքների միջև անմիջական շփման ու փոխադարձ ճանաչման հնարավորություններ։

Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը Վրաստանում հրաշալի առիթ է՝ ներկայացնելու ժամանակակից Հայաստանի մշակութային դիմագիծը, մեր ավանդական և ժամանակակից արվեստը, մեր ժառանգությունն ու այն ստեղծագործական ներուժը, որով այսօր ապրում և զարգանում է հայկական մշակույթը»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և շնորհակալություն հայտնել Վրաստանի մշակույթի նախարարությանը, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը և մյուս գործընկերներին՝ միջոցառման կազմակերպման համար։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Նաթիա Շամաթավան:

Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Նաթիա Շամաթավան ընդգծել է Հայաստանի և Վրաստանի դարավոր բարեկամությունը, ընդհանուր մշակութային արժեքներն ու արվեստի ոլորտում ձևավորված համագործակցության ավանդույթները։ Նա վերահաստատել է Վրաստանի մշակույթի նախարարության պատրաստակամությունը՝ խորացնելու երկու երկրների համագործակցությունը երաժշտության, թատրոնի, կինոյի, մշակութային ժառանգության պահպանության և այլ ոլորտներում։

Համերգային ծրագրում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ և թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ, ներկայացրել է Արամ Խաչատրյանի, Զաքարիա Փալիաշվիլիի և Անտոնին Դվորժակի ստեղծագործությունները։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիորգի Վոլսկին, նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանի պատվիրակության անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և հրավիրված հյուրեր։

  • Կիսվել: