ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
90 մլն դրամ՝ թոքերի արհեստական շնչառական սարքերի գաղափարների ու նախագծերի համար

90 մլն դրամ՝ թոքերի արհեստական շնչառական սարքերի գաղափարների ու նախագծերի համար

Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերները հաղթահարելու և առողջապահության համակարգին աջակցություն ցուցաբերելու նպատակով Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է թոքերի արհեստական շնչառական (ԹԱՇ) սարքերի գաղափարների մասնագիտական ուսումնասիրության և նախագծման աշխատանքների իրականացման նպատակով «Ինժեներական ասոցիացիա» ՀԿ-ին առանց մրցույթի՝ որպես դրամաշնորհ, տրամադրել 90 մլն դրամ դրամ:

Գումարը կհատկացվի 2020 թ. պետբյուջեով «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագիր» ծրագրի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհներ» միջոցառման համար նախատեսված միջոցներից: Դրամաշնորհի շրջանակում «Ինժեներական ասոցիացիան» պարտավորվում է ուսումնասիրել ներկայացված գաղափարները, կապ հաստատել հետաքրքրություն հայտնած անհատ ինժեներների, համալսարանական լաբորատորիաների, ինժեներական և արտադրական գործունեություն իրականացնող ընկերությունների հետ՝ քննարկելու իրենց  ներկայացրած համագործակցության առաջարկները, արտադրական գաղափարները և մասնագիտական հնարավորությունները: Կկազմակերպվեն ԹԱՇ սարքերի նախագծման, մակետային նախատիպի մշակման, մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման, համակարգի նախագծի շտկման, 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման, կոնստրուկտորական փաստաթղթերի ձևավորման աշխատանքներ՝ ապահովելով արտադրական ամբողջական ցիկլին հասնելու գործընթացը: Հիմնավորման համաձայն՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել էր ԹԱՇ սարքավորումների նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում ստացվել են ավելի քան 280 հայտ և առաջարկ:

Կարևորելով ընդունված որոշումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Մենք ստիպված ենք ժամերով 20 հազար դրամի, 10 հազար դրամի, 5 հազար դրամի հարց քննարկել, բայց ես կարծում եմ՝ այդ քննարկումն այն չէ, ինչ-որ մենք պետք է ունենանք մեր օրակարգում: Պարզ է, որ այդ թեման պետք է հաղթահարենք, բայց այդ թեման հաղթահարելու ճանապարհին ի վերջո պետք է արձանագրենք՝ կարևորը կրթությունն է, գիտությունն է, արդյունաբերությունն է, և մեր Կառավարության ռազմավարական առաջնահերթություններում հենց այդ է նշված:  Մեզ կամք, իմաստություն և հետևողականություն եմ մաղթում, որպեսզի կառավարության, համայնքների, ընտանիքների օրակարգերը փոխվեն, հազար, 2 հազար, 3 հազար դրամանոց հարցերը վերազարգանան, վերափոխվեն կրթական, գիտական լուրջ հարցերի, կյանքի կազմակերպման և երջանկության հասնելու մեխանիզմների հարցերի: Սա թերևս ամենակարևոր օրակարգն է, որ մենք պետք է կարողանանք իրականացնել»:

  • Կիսվել: