Պայթյուն Կալիֆոռնիայում՝ վերարտադրողական կլինիկայի մոտ. առնվազն 1 մարդ է զոհվել
Առնվազն մեկ մարդ է զոհվել շաբաթ առավոտյան ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Փալմ Սփրինգս քաղաքում անպտղության բուժման կլինիկայի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հաղորդում է CBS News-ը։
ՀԴԲ-ն (Հետաքննությունների դաշնային բյուրո) տեղի ունեցածը որակել է «դիտավորյալ ահաբեկչական գործողություն»։
Փալմ Սփրինգսի քաղաքային իշխանությունները Facebook սոցիալական ցանցում հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 11-ին մոտ՝ Նորթ Ինդիան Քանյոն Դրայվ փողոցի այն հատվածում, որտեղ տեղակայված են մի քանի բժշկական հաստատություններ, այդ թվում՝ ամերիկյան վերարտադրողական կենտրոններ և տեղի ԱՄԲ (Արտամարմնային բեղմնավորման) կլինիկան։
Պայթյունի հետևանքով տուժել է ևս չորս մարդ, որոնցից ոչ մեկը, ենթադրաբար, կլինիկայի աշխատակից չէ, հայտնել են քաղաքային իշխանությունները։
Իր հայտարարության մեջ Փալմ Սփրինգսի ոստիկանապետ Էնդի Միլսը հայտնել է, որ մեկ մարդ զոհվել է մեքենայի պայթյունի հետևանքով, որը, ըստ ամենայնի, «բռնության դիտավորյալ գործողություն» է եղել։
Ըստ Միլսի, այդ անձի ինքնությունը դեռևս պարզված չէ։ Նա ասել է, որ պայթյունի ալիքը տարածվել է մի քանի թաղամասերի վրա և լրջորեն վնասել է մոտակա մի քանի շենքեր։
Հայտնի է, որ պայթյունից հետո դեպքի վայրից մեկ ժամվա հեռավորության վրա գտնվող Սան Բերնարդինո շրջանում տարհանում է իրականացվել, որի նպատակն է եղել «խուսափել պայթյունի հնարավոր գոտում հայտնվելուց»։
Մոտակայքում է գտնվում պատմական թաղամասը, որտեղ ժամանակին ապրել են Ֆրենկ Սինատրան և Քերի Գրանտը։