ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
350 մլն դրամ հատկացվեց Թալին համայնքին՝ հրատապ լուծում պահանջող խնդիրների լուծման համար

350 մլն դրամ հատկացվեց Թալին համայնքին՝ հրատապ լուծում պահանջող խնդիրների լուծման համար

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 2-ի նիստում ընդունել է որոշում՝ Արագածոտնի մարզի Թալին համայքում բացահայտված առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման հրատապությամբ պայմանավորված:

Հանրապետությունում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում՝ արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով Արագածոտնի մարզի Թալին համայքը համայնքի սեփականություն հանդիսացող՝ 169.8614 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը՝ որպես պետական սեփականություն, նվիրաբերում է Պետական գույքի կառավարման կոմիտեին, որի համար դրամական փոխհատուցում չի ստացել։

Թալին համայնքի առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով ներկա պահին այս փուլի աշխատանքների իրականացման համար նախատեսվում է հատկացնել 350 մլն ՀՀ դրամ գումար՝ համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում կապիտալ նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր իրականացնելու համար:

Թալին համայնքի մի շարք բնակավայրերում նախատեսվում է իրականացնել շուրջ 140 մլն դրամի ասֆալտապատման աշխատանքներ, ինչպես նաև շուրջ 210 մլն դրամի շրջանակում իրականացնել ոռոգման և խմելու ջրի ներքին ցանցերի հիմնանորոգման ու կառուցման աշխատանքներ։

Միաժամանակ ՀՀ կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնում, որ համայնքի առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով հաջորդ փուլերի համար ևս հատկացնել 350 մլն դրամ, որից՝ շուրջ 100 մլն դրամի շրջանակներում Թալին համայնքի մի շարք բնակավայրերում կիրականացվեն մանկապարտեզների շենքերի վերանորոգման ու կառուցման աշխատանքներ, շուրջ 70 մլն դրամի շրջանակներում կիրականացվեն համայնքային նշանակության ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ, ինչպես նաև շուրջ 180 մլն դրամի շրջանակներում կիրականացվեն Թալին համայնքի մի շարք բնակավայրերի գազիֆիկացման աշխատանքներ։

  • Կիսվել: