երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2024-ին ՀՀ-ն ԵՄ-ից ակնկալում է ստանալ 17,9 մլն եվրոյի դրամաշնորհային միջոցներ. Վահե Հովհաննիսյան

2024-ին ՀՀ-ն ԵՄ-ից ակնկալում է ստանալ 17,9 մլն եվրոյի դրամաշնորհային միջոցներ. Վահե Հովհաննիսյան

ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անդրադարձավ եվրոպական ինտեգրման օրակարգով սահմանված աջակցության միջոցներին ու ծախսերին:

Այսպես, 2024-ին Հայաստանը ԵՄ-ից ակնկալում է ստանալ 17,9 միլիոն եվրոյի դրամաշնորհային միջոցներ, որոնք նախատեսված են 3 հիմնական ուղղությունների համար:

Առաջին ուղղությունը Հայաստանի դատական ոլորտում բարեփոխումների իրականացումն է, որի համար կհատկացվի 5,4 միլիոն եվրո: Ծրագիրը գործում էր նաև 2023-ին, բայց գումարի հատկացումը ավելի քիչ էր, այն է՝ 2,7 միլիոն եվրո:

Երկրորդ ուղղությունը երկրորդ փուլի համար Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացումն է: Այս մասով հավելյալ 2,5 միլիոն եվրո կտրամադրվի:

ԵՄ աջակցության երրորդ ուղղությունը Հայաստանի կրթության համար նախատեսված դրամաշնորհն է: 2024 թվականի համար 10 միլիոն եվրոյի նախագիծ կա:

2024 թվականին վարկերը կկազմեն 21 միլիարդ դրամ: Հիմնական մասն ուղղված կլինի ոռոգման ցանցերի առողջացմանը, կոշտ թափոնների կառավարմանը, ճանապարհային ցանցի բարելավմանը, ջրամատակարարման և ջրահեռացման բարելավմանն ու քաղաքային զարգացման ծրագրերին: Ծրագրերից մեկն էլ վերաբերում է Մեղրիի սահմանային անցակետի վարկային ծրագրին, այս մասով վարկային միջոցները կկազմեն 2 միլիարդ 290 միլիոն դրամ:

  • Կիսվել: