ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2022 թ. պետական գույքի մասնավորեցման արդյունքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 607,020.09 հազար դրամ. Առնակ Ավետիսյան

2022 թ. պետական գույքի մասնավորեցման արդյունքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 607,020.09 հազար դրամ. Առնակ Ավետիսյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2022 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը` հնարավորություն տալով նաեւ իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացի վերաբերյալ:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 845,281.16 հազար դրամ, որից` ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները` 826,215.15 հազար դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները` 19,066.01 հազար դրամ: Սեփականաշնորհման հաշվին պետական բյուջե մուտքագրվել է 607,020.09 հազար դրամ, իսկ համայնքների բյուջեներ 238,261.07 հազար դրամ:

Նշվել է նաեւ, որ հաշվետու ժամանակահատվածում դասական աճուրդով վաճառվել են մեկ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը եւ 55 անվանումով պետական միջոցները, իսկ ուղղակի վաճառքով` մեկ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:

Ըստ Առնակ Ավետիսյանի` «Հերհեր» եւ «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերություններն ընդգրկվել են մասնավորեցման ծրագրում: Վերջինում կատարված աուդիտի արդյունքում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ երկու ընկերություններում էլ իրականացվում են մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ: «Մեր քաղաքականությունն այն է, որ կազմակերպությունները ներկայացվեն մասնավորեցման առողջ վիճակում եւ ներդրումների համար լինեն գրավիչ»,- ասել է Առնակ Ավետիսյանը:

Նա պատասխանել է պատգամավորների` մասնավորեցման խնդիրների վերաբերյալ հարցերին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ հիմնական զեկուցողի կողմից ընդունվել են ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչության ներկայացրած առաջարկությունները, ինչի արդյունքում օրինագիծը լրամշակվել է:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական նախաձեռնությանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Լիլիթ Կիրակոսյանի հեղինակած ««Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

  • Կիսվել: