ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
2022-ին ԿԲ-ի վնասը գերազանցել է պահուստների հանրագումարը 149 մլրդ դրամով. օգնության է հասել կառավարությունը

2022-ին ԿԲ-ի վնասը գերազանցել է պահուստների հանրագումարը 149 մլրդ դրամով. օգնության է հասել կառավարությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիստում ՀՀ կառավարության կողմից ՀՀ կենտրոնական բանկին տրամադրված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը փոխարինելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2021-ի  ֆինանսական տարվա գործունեության արդյունքում առաջացած հաշվետու տարվա վնասի չափով ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի որոշման հիման վրա  ՀՀ կենտրոնական բանկին տրամադրված 15,776,447,001 ՀՀ դրամ անվանական արժեքով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի որոշման հիման վրա փոխարինվել էր 54,395,224,348 ՀՀ դրամի չափով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակով՝ 2021 թվականի ֆինանսական տարվա գործունեության արդյունքում առաջացած վնասի չափով:

Հաշվի առնելով, որ ՀՀ կենտրոնական բանկի 2022 թվականի համախմբված ֆինանսական հաշվետվությունների համաձայն հաշվետու տարվա վնասը գերազանցել է պահուստների հանրագումարը 149,676,702,642 ՀՀ դրամ գումարի չափով, և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին»  ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը առաջարկվում է ՀՀ կառավարության կողմից ՀՀ կենտրոնական բանկին տրամադրված 54,395,224,348 ՀՀ դրամ անվանական արժեքով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը փոխարինել 204,071,926,990 ՀՀ դրամ անվանական արժեքով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակով:

Նախագծի ընդունմամբ կհամալրվի ՀՀ կենտրոնական բանկի  սեփական կապիտալը:

  • Կիսվել: