ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2020թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե հավաքագրվել է 1 տրիլիոն 16.8 մլրդ դրամ

2020թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե հավաքագրվել է 1 տրիլիոն 16.8 մլրդ դրամ

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է 2020թ. 9 ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է հավաքագրվել 1 տրիլիոն 16.8 մլրդ դրամ գումար: Օրենքով սահմանված ծրագրային ցուցանիշներով  2020թ. 9 ամիսների համար նախատեսված էր 999.1 մլրդ դրամ:

Միայն հարկային մարմինների կողմից հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 916.7 մլրդ դրամ` ի տարբերություն 2019թ. նույն ժամանակահատվածի 901.6 մլրդ դրամի:

Մաքսային մարմինների կողմից հավաքագրված եկամուտները կազմել են 199 մլրդ դրամ` 2019թ. համադրելի 266.8 մլրդ դրամի փոխարեն:

Տնտեսվարողներին վերադարձված գումարը կազմել է 98.9 մլրդ դրամ` 2019թ. նույն ժամանակահատվածում վերադարձված 90.2 մլրդ դրամի փոխարեն: 

Չնայած համավարակի ազդեցությանը և տնտեսական զարգացումների վերաբերյալ բացասական կանխատեսումներին, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից տնտեսության համար տրամադրված մեծածավալ արտոնություններին` հարկային եկամուտների ծավալն ավելացել է, ինչը չենք կարող ասել մաքսային վճարների վերաբերյալ, որոնք 2020թ. ընթացքում նվազել են` հիմնականում տրանսպորտային միջոցների ներկրման մեծ ծավալների բացակայության պատճառով:

Չնայած ստեղծված անհարմարություններին, միաժամանակ ոչ պակաս կարևորելով տնտեսական կայունության ապահովման անհրաժեշտությունը` կոմիտեն շարունակում է իր անտեսանելի վարչարարությունը և վերահսկողությունը: Ստուգումներ են իրականացվում այն տնտեսվարողների մոտ, ովքեր փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից:

Պետական եկամուտների կոմիտեն հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել յուրաքանչյուր տնտեսվարողի օրինապահ վարքագծի կարևորությունը, առավել ևս ստեղծված իրավիճակում, երբ առկա մարտահրավերները բոլորիս պարտադրում են համախմբվել և հաղթական քայլերով կերտել մեր երկրի ապագան:

  • Կիսվել: