երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
2020-ի սեպտեմբերի համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվն աննախադեպ է. ՊԵԿ

2020-ի սեպտեմբերի համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվն աննախադեպ է. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ցուցանիշները:
 
2020 թվականի սեպտեմբերի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 632 հազար, որը 2020 թվականի օգոստոսի համեմատ ավելի է շուրջ 14 հազարով, իսկ 2019 սեպտեմբեր ամսվա համեմատությամբ` 15.6 հազարով:
 
2020 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ, աճել է նաև ընդհանուր հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 126 մլրդ դրամ` նախորդ տարվա 114.6 մլրդ դրամի փոխարեն:
 
Դրան զուգահեռ` 2020 թվականի սեպտեմբեր ամսին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)՝ կազմելով շուրջ 199 հազար դրամ` նախորդ տարվա 186 հազար դրամի փոխարեն:
 
Հատկանշական է, որ 2020 թվականի սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվն աննախադեպ է և Հայաստանի Հանրապետության վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է:
 
Հարկային մարմինն իր գոհունակությունն է հայտնում շարունակաբար կարգապահ վարքագիծ դրսևորող հարկ վճարողներին և ողջունում ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված համատեղ քայլերի արդյունքները:
Կոմիտեն միաժամանակ հիշեցնում է, որ ցանկացած գրանցված աշխատատեղ ձևավորում է լրացուցիչ հարկային եկամուտ, որը նպաստում է երկրի անվտանգության ապահովմանը:
 

  • Կիսվել: