չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
2019-ի 11 ամիսներին ՊԵԿ-ի կողմից հարուցված վարչական վարույթներով վերականգնվել է 370 մլն դրամ

2019-ի 11 ամիսներին ՊԵԿ-ի կողմից հարուցված վարչական վարույթներով վերականգնվել է 370 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն 2019 թ-ին լայնածավալ աշխատանքներ է իրականացրել հասարակական սննդի մատուցմամբ զբաղվող խոշոր օբյեկտներում, դրանց կողմից շրջանառության թերհայտարարագրման ռիսկերի, աշխատակիցներին վճարվող  իրական աշխատավարձի չափերի պարզման ուղղությամբ: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը։

Ըստ նրա, ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հասարակական սննդի բազմաթիվ օբյեկտներ թերի են հաշվառել իրենց աշխատակիցներին վճարվող աշխատավարձի իրական չափերը և խուսափել են իրենց հարկային պարտավորությունները կատարելուց:

Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝  տնտեսվարողներն ընդունել են այդ թերացումները և ներկայացրել են ճշգրտված հաշվետվություններ: Արդյունքում, ըստ նրա, միայն աշխատավարձի գծով պակաս վճարված եկամտային հարկի դրվագներով հաշվարկվել է ավելի քան 40 մլն դրամ հարկային պարտավորություն, որոնցով հարկեր վճարելուց խուսափելու համար հարուցվել են քրեական գործեր։

ՊԵԿ նախագահի տեղակալը հայտնեց, որ 2019 թվականի հունվար-նոյեմբերին տնտեսական հանցագործությունների ուղղությամբ հարուցվել են 409 քրեական գործեր, որոնց ճնշող մեծամասնությունը վերաբերում է հարկեր վճարելուց խուսափելուն և մաքսանենգության դեպքերին։

«2018 թվականի համեմատ այս տարի հարուցված քրգործերը 63-ով ավելիի են։ 2018 թ-ին հարուցված քրգործերի շրջանակում պետությանը պատճառված վնասը կազմել է 20,2 մլրդ դրամ, իսկ 2019-ին հարուցված 409 քրգործով՝ 20,8 մլրդ դրամ»,- ասաց Էդվարդ Հովհաննիսյանը։

Նշվեց նաև, որ 2019 թվականի 11 ամիսների ընթացքում ՊԵԿ-ի կողմից հարուցվել է 27 165 վարչական վարույթ, որոնցով առաջադրված տուգանքի գումարը կազմել է 452 մլն դրամ. փաստացի վերականգնվել է 370 մլն դրամը:

  • Կիսվել: