չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ԱՄՆ դատարանը մերժել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի դեմ ադրբեջանցի փաստաբանի 500 միլիոն դոլարի հայցը

ԱՄՆ դատարանը մերժել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի դեմ ադրբեջանցի փաստաբանի 500 միլիոն դոլարի հայցը

Անցյալ շաբաթ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտարարել է, որ ապրիլի 14-ին ԱՄՆ շրջանային դատարանը մերժել է Կալիֆոռնիայի Լագունա Բիչում բնակվող ադրբեջանցի փաստաբան Այնուր Բագիրզադեի 500 միլիոն դոլարի հայցն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և 29 այլ անձանց դեմ: Դրա մասին գրում է The California Courier-ը։

Բագիրզադեի 198 էջանոց հայցը «անհիմն մեղադրանքներ է ներկայացրել»: Ավելի ուշ նա Twitter-ում գրել է, որ մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նշել է, որ Բագիրզադեն ամիսներ շարունակ զբաղվել է «սադրանքով»՝ Հայաստանը բնութագրելով որպես «քաղցկեղային ուռուցք», որը «պետք է հեռացնել Հարավային Կովկասից»։

Նա նաև ծաղրել է Հայոց ցեղասպանությունը՝ հայտարարելով, որ հայերը «կոկորդիլոսի արցունքներ են թափում 1915 թվականի իրադարձությունների համար»։

Ավելի վաղ «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակը ՀՅԴ Բյուրոյին հայտնել էր, որ Ադրբեջանի նման գործելաոճը լիովին տեղավորվում է «Հայ դատի» գրասենյակների գործունեությանը խոչընդոտներ ստեղծելու Բաքվի որդոգրած պետական ​​քաղաքականության համատեքստում, հատկապես Ամերիկայում և Եվրոպայում, ընդհուպ պատվերով և անհիմն դատավարություններ, զազան եղանակներով բարի համբավը արատավորելու փորձեր։

  • Կիսվել: