ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ժամկետային զինվորական ծառայողները 6 ամսից հետո ձգտելու են դառնալ պայմանագրային. Արծրուն Հովհաննիսյան

Ժամկետային զինվորական ծառայողները 6 ամսից հետո ձգտելու են դառնալ պայմանագրային. Արծրուն Հովհաննիսյան

Օրինագիծը չափազանց կարևոր է: Մեզ մեծ հնարավորություն է տալու, մասնավորապես շարքային-պայմանագրային երևույթը բանակում վերջնականապես շտկելու: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ առանց նախորդ օրինագծի՝ ատեստավորման միջոցով համապատասխան աշխատավարձերի բարձրացման, բարեփոխումների պատկերն ամբողջական չի լինի»: 

Արծրուն Հովհաննիսյանը տեսական ուսումնասիրության մի օրինակ բերեց, ըստ որի՝ ընդհանրապես, այս հարցերը ռազմական գիտության հիմնական թիրախում են։

«Աշխարհում պայմանագրային զինվորական ծառայության մտնելուց, որը հիմնականում տեղի է ունեցել 70-ական թվականներին և ամենամեծ բումը եղել է 90-ական թվականներին, հաջողել են բացարձակապես այն պետությունները, որտեղ պետությունը կարողացել է տարբեր գրավչությունների, կրթական, սոցիալական միջոցներով հասնի նրան, որ պայմանագրայինների մեծամասնությունը՝ ոչ հատուկ զորքերի պայմանագրայինների մասին է խոսքը՝ համազորային ստորաբաժանումների, պայմանագրային դարձել են 18-25 տարեկան տարիքում: Եթե 18-25 տարեկանում դու չես կարողանում հրապուրես որպեսզի պայմանագրայինը դառնա զինվորական ծառայող, հատկապես համազորային ստորաբաժանումներում, ապա այդ պայմանագրային ինստիտուտը կայացած չէ»,- նշեց Հովհաննիսյանը:

Նա շեշտում է, որ խոսքը համազորային զորատեսակների մասին է խոսքը՝ «չենք խոսում ԱԹՍ-ի օպերատորի, կամ ՀՕՊ զորքերի բացառիկ պայմանագրայինի մասին»: Նա ևս մեկ անգամ կարևորեց նախագիծն ու ընդգծեց, որ համոզված է՝ նախարարի նշած աշխատավարձի պարագայում, «և մասնավորապես էն ինչ-որ մենք գիտենք ընդհանուր բարեփոխումների շղթայի մեջ՝ մարտական պատրաստության ձևերի եղանակների մոդեռնիզացիայից հետո մեր ժամկետային զինվորական ծառայողները 6 ամսից հետո ձգտելու են դառնալ պայմանագրային զինվորական ծառայող»:

Արծրուն Հովհաննիսյանը նաև հարց ուղղեց Պաշտպանության նախարար Սուրեն  Պապիկյանին՝ հասկանալու համար արդյոք հաջորդ 5 տարվա համար զինծառայողը ևս 5 միլիոն կստանա, թե չէ: Նախարարը պատասխանեց, որ ոչ՝ «վճարը միանվագ է և, եթե տվյալ զինվորականը որոշում է, որ իր կյանքը կապում է զինվորականության հետ նաև 5 տարի հետո, բնականաբար, ստանում է այն աշխատավարձը՝ ինչ ստանում են մյուս պայմանագրայինները»:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց նաև, որ որպես կանոն պայմանագրային զինվորական ուժեղ ինստիտուտներ ունեցող պետություններում 35 տարեկանից հետո պայմանագրայինները բնականաբար անցնում են այլ ծառայության.

«Հիմնականում, նորից մեր երազանքների պլաններից, մասնավորապես ինստրուկտորների ինստիտուտն են համալրում, որն ամենակարևոր ինստիտուտներից մեկն է մեր մարտական պատրաստության ապագան պատկերացնելու տեսանկյունից: Այնպես որ, շնորհավորում եմ մեզ բոլորիս այս կապակցությամբ՝ այս փաթեթի: Շատ կարևոր է, թե այստեղ ամեն ինչ փաթեթով է գալիս և վերջնարդյունքը կլինի շատ լավ, իմ կարծիքով»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:  

  • Կիսվել: