ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ժամանակ»․ Թուրքիան հայ հոգևորականների սպանության մեղավոր է համարում քրդերին

«Ժամանակ»․ Թուրքիան հայ հոգևորականների սպանության մեղավոր է համարում քրդերին

Երեւանն այդ կապակցությամբ արել էր դատապարտող հայտարարություն, տեղի ունեցածը դիտարկելով Սիրիայի հյուսիս թուրքական ռազմական ներխուժման հետեւանք:

Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը հնարավոր է դիտարկել հայկական կողմի անուղղակի մեղադրանքին անուղղակի պատասխան: Թուրքերը փաստորեն ասում են, որ սպանությունն իրենց ձեռքի գործ չէ, այլ քրդերի: Համենայնդեպս, հարցը նրանք հասցեագրում են քրդերին՝ նշելով, որ նրանց վերահսկողության գոտում է եղել սպանությունը: Ղամիշլիի հանգամանքը Սիրիայի հյուսիսում ծավալված զարգացումների համատեքստում հայկական կողմի համար հատկապես նշանակալի է ոչ միայն այնտեղ հայկական մի քանի հազարանոց համայնքի առկայությամբ, այլ նաեւ այդ կապակցությամբ Ռուսաստանի նախագահին ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումի հանգամանքով:

Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ հայկական համայնքի անվտանգության հարցով դիմել է Պուտինին՝ երբ Թուրքիան ներխուժեց Սիրիայի հյուսիս: Հետո արդեն Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ հարցը վերաբերում էր Ղամիշլիի հայերի անվտանգությանը՝ ավելացնելով, որ հարցը քննարկվել է նաեւ Սոչիում Թուրքիայի եւ ՌԴ նախագահների հանդիպմանը:

Փաստորեն, հոգեւորականների սպանությամբ ստացվեց, որ անվտանգության առումով կան խնդիրներ: Բանն այն է, որ Սոչիում Պուտինի եւ Էրդողանի պայմանավորվածության համաձայն, Ղամիշլին դուրս էր մնացել թուրք-ռուսական պարեկության գոտուց: Մինչ հոգեւորականների սպանության վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը, Հայաստանի ԱԳՆ հայտարարությունից հետո եղավ տեղեկություն Մոսկվայում Հայաստանի դեսպանի եւ Մերձավոր Արեւելքի հարցերով ՌԴ նախագահի ներկայացուցչի հանդիպման, դրա ընթացքում Սիրիային առնչվող հայ-ռուսական գործակցության «հրատապ խնդիրների» քննարկման վերաբերյալ:

Մոսկվայի այդ հանդիպմանն էլ հաջորդում է Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարությունը՝ սպանությունից մի քանի օր անց: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Հայաստանի նախաձեռնությամբ Մոսկվան բարձրացրել է հայ հոգեւորականների հարցը Թուրքիայի առաջ, ինչին էլ Անկարան պատասխանում է, որ հարցերը պետք է ուղղել քրդերին:

Միաժամանակ, արդյոք տեղի ունեցածը կդառնա՞ հիմք, որպեսզի Թուրքիան ու Ռուսաստանը, այսպես ասած, համատեղ պարեկության գոտին ընդլայնեն եւ ներառեն նաեւ Ղամիշլին: Թուրքիայի նախագահը նոյեմբերի 13-ին Սիրիայի իրավիճակը քննարկել է ԱՄՆ-ում, Թրամփի հետ, իսկ մինչ այդ հայտարարել էր, որ դրանից հետո հարցը քննարկելու է Պուտինի հետ: Արդյոք Երեւանը եւս կմասնակցի՞ այդ հանդիպման օրակարգի ձեւավորմանը, ինչպես Սոչիի հանդիպման պարագայում, ու ինչ արդյունքով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: