ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զենք մատակարարող ռուսական ORSIS-ի գործ. ՊՆ պաշտոնյաների կողմից փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու դեպքով քրգործ է հարուցվել

Զենք մատակարարող ռուսական ORSIS-ի գործ. ՊՆ պաշտոնյաների կողմից փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու դեպքով քրգործ է հարուցվել

Զենք մատակարարող ռուսական «Օրսիս Արմս» ընկերության (ORSIS) վերաբերյալ քրեական գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել InfoPort.am-ին:

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ նախարարության պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար: Պաշտպանության նախարարության առանձին պաշտոնյաների, մասնավորապես փոխնախարար Մակար Ղամբարյանին մեր տեղեկություններով, մեղմ ասած հաճելի չի եղել այն, որ պետական գնումների շրջանակներում «Օրսիս Արմս» (ORSIS) ընկերության հայտը մերժելու վերաբերյալ Սիրունյանը բողոքներ է ներկայացրել իրավապահ մարմիններին: Մեր տեղեկություններով նաև, պաշտպանության նախարարի տեղակալի օգնականը սկսել է հեռախոսազանգեր և հանդիպումներ ունենալ փաստաբանի հետ, որոնց ընթացքում համոզել և հորդորել է հրաժարվել իրավապահներին ներկայացրած բողոքներից:

Բացի այդ, 2019-ի մայիսի սկզբին «Օրսիս Արմս» ընկերության կողմից պաշտպանության նախարարությանն է նվիրաբերվել իտալական որսորդական հրացան, որը, սակայն ՊՆ հաշվեկշիռ չի հանձնվել և յուրացվել է պաշտպանության նախարարի տեղակալի անունով: Տեղակալը, ըստ մեր հավաստի աղբյուրների, Մակար Ղամբարյանն է: Ալեքսանդր Սիրունյանը InfoPort.am-ի հետ զրույցում հաստատեց, որ հաղորդում է ներկայացրել ՀՔԾ և տեղեկացրեց, որ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ ՊՆ ղեկավար աշխատողների կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու և նույն նախարարության պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ:

ORSIS ընկերությունն ընդգրկված է «Պրոմտեխնոլոգիա» խմբում և զբաղվում է հրազենի, փամփուշտների ու հատուկ օպտիկայի արտադրությամբ ու մատակարարմամբ։ Տարիներ շարունակ ընկերությունը զենք, փամփուշտներ ու օպտիկա է մատակարարել: 2019-ի սկզբին Պաշտպանության նախարարությունը տենդեր է հայտարարել բավական մեծ խմբաքանակով ռազմական արտադրանք գնելու համար։ Տենդերին մասնակցության հայտ է ներկայացրել ռուսական «Պրոմտեխնոլոգիա» (ORSIS զինական համակարգերը) ռուսական ընկերությունը։ Մրցույթի ընթացքում ընկերությունից պահանջել են ներկայացնել փաստաթղթեր և, ինչպես ընկերության ներկայացուցիչն է հայտարարել, արհեստական խոչընդոտներ ստեղծել:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: