ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուսական «ORSIS» զենք մատակարարող ընկերության ներկայացուցիչը հարցաքննվել է. մանրամասներ իրավապահ աղբյուրներից

Ռուսական «ORSIS» զենք մատակարարող ընկերության ներկայացուցիչը հարցաքննվել է. մանրամասներ իրավապահ աղբյուրներից

Զենք մատակարարող ռուսական «ORSIS» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Սիմոն Ամիրովը Հատուկ Քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում օրերս կանչվել է ՀՔԾ և հարցաքննվել: Իրավապահ մարմիններում InfoPort.am-ի աղբյուրի փոխանցմամբ, ռուսական ընկերության ներկայացուցչի հարցաքննությունը, մասնավորապես, վերաբերել է զենք-զինամթերքի հայտնի տենդերի հետ կապված քրեական գործին:

Բացի այդ, նույն աղբյուրի փոխանցմամբ, հարցաքննության ժամանակ հատուկ անդրադարձ է եղել «ORSIS» կողմից Հայաստանի Պաշտպանության նախարարությանը նվիրաբերված հրացանը փոխնախարար Մակար Ղամբարյանի կողմից յուրացվելուն։

Հայաստանում ռուսական ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվեց քրեական գործի նախաքննության, հարցաքննությունների մասին որևէ տեղեկություն տրամադրել՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը և այն պահպանելու մասին իրավապահներին տված խոստումը:

Հարցաքննության մասին տեղեկություն հրաժարվեցին փոխանցել նաև Հատուկ քննչական ծառայությունից: «Քրեական գործով ընթանում է նախաքննություն: Այս պահին որևէ տեղեկություն չեմ կարող տրամադրել», -ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Նա միայն տեղեկացրեց, որ քրեական գործի շրջանակներում որևէ մեղադրյալ չկա:

ORSIS ընկերությունն ընդգրկված է «Պրոմտեխնոլոգիա» խմբում և զբաղվում է հրազենի, փամփուշտների ու հատուկ օպտիկայի արտադրությամբ ու մատակարարմամբ։ Տարիներ շարունակ ընկերությունը զենք, փամփուշտներ ու օպտիկա է մատակարարել: 2019-ի սկզբին Պաշտպանության նախարարությունը տենդեր է հայտարարել բավական մեծ խմբաքանակով ռազմական արտադրանք գնելու համար։ Տենդերին մասնակցության հայտ է ներկայացրել ռուսական «Պրոմտեխնոլոգիա» (ORSIS զինական համակարգերը) ռուսական ընկերությունը։ Մրցույթի ընթացքում ընկերությունից պահանջել են ներկայացնել փաստաթղթեր և, ինչպես ընկերության ներկայացուցիչն է հայտարարել, արհեստական խոչընդոտներ ստեղծել:

Արդյունքում անփույթ ծառայության մեղադրանքով քրեական գործ է հարուցվել և այժմ ՀՔԾ-ի վարույթում է: Այս քրեական գործով, հնարավոր է, մեղադրյալ ներգրավի Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս քրեական գործի հետանքով էր, որ Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Գառնիկ Հայրապետյանը պաշտոնանկ արվեց:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: