չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
Դավիթ Թադևոսյանը SpaceX-ի և Starlink-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տեխնոլոգիական և տիեզերական ոլորտների զարգացման հնարավորությունները

Դավիթ Թադևոսյանը SpaceX-ի և Starlink-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տեխնոլոգիական և տիեզերական ոլորտների զարգացման հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է SpaceX-ը, Starlink-ը և SpaceXSI-ը (Grok) ներկայացնող պատվիրակությանը՝ Starlink-ի շուկայի հասանելիության և զարգացման տնօրեն Ջուլիա Գրոբլախերի գլխավորությամբ։

 ՀՀ ԲՏԱԱԲ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Starlink-ի ծառայությունների ավելի լայն տեխնոլոգիական լուծումների կիրառման ու համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրի առաջնահերթություններին համապատասխան։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետական կառավարման համակարգում Starlink-ի ծառայությունների կիրառման ընդլայնման հնարավորություններին՝ Հայաստանի թվային փոխակերպման ազգային առաջնահերթություններին համահունչ։ Քննարկվել են պետական ծառայությունների թվայնացման, բջջային կապի ծածկույթի ընդլայնման, արբանյակային և երկրային կապի ցանցերի փոխգործակցության, ինչպես նաև համայնքներում կապի հանգույցների և հանրային նշանակության ենթակառուցվածքների զարգացման հարցերը։

Հանդիպման առանցքային թեմաներից են եղել նաև արհեստական բանականության և տվյալների ենթակառուցվածքների զարգացումը, Հայաստանում տվյալների կենտրոնների ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տեղական ընկերությունների համար ֆիզիկական արհեստական բանականության (Physical AI) տեխնոլոգիաների հասանելիության ընդլայնումը։

Անդրադարձ է կատարվել կիսահաղորդիչների արդյունաբերության զարգացմանը, տիեզերական ոլորտում համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև SpaceX-ի և Starlink-ի հետազոտական, տեխնոլոգիական և ծառայությունների զարգացման գործընթացներում հայ մասնագետների ու ընկերությունների ներգրավման հնարավորություններին։ Քննարկվել է նաև Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացման, երկրի տեխնոլոգիական ներուժի և նորարարական հնարավորությունների առավել լայն ներկայացման, ինչպես նաև համաշխարհային տեխնոլոգիական և տիեզերական էկոհամակարգերում Հայաստանի ներկայության ընդլայնման հարցը։

Կողմերը քննարկել են նաև կրթական համակարգում SpaceX-ի արհեստական բանականության՝ Grok-ի, կիրառման հնարավորությունները, այդ թվում՝ դպրոցներին ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով աջակցելու, տեղական տեխնոլոգիական էկոհամակարգը զարգացնելու, ինչպես նաև հայկական ընկերությունների մասնագիտական և տեխնոլոգիական կարողություններն ընդլայնելու հեռանկարները։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համագործակցության շրջանակում փորձնական ծրագրերի իրականացման հնարավորությանը, որոնք հնարավորություն կտան գնահատելու արբանյակային կապի, թվային ենթակառուցվածքների և արհեստական բանականության լուծումների կիրառման արդյունավետությունը տարբեր ոլորտներում։

Քննարկվել են նաև ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ տիեզերական ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, մասնավորապես՝ Հայաստանի արբանյակային կարողությունների ընդլայնման և երեք արբանյակ ունենալու նպատակի իրագործման, ինչպես նաև արբանյակների ուղեծիր դուրսբերման հնարավորություններն ու այդ ուղղությամբ SpaceX-ի հետ համագործակցության հեռանկարները։

Հանդիպման մասնակիցները վերահաստատել են համագործակցության շարունակական զարգացման և համատեղ նախաձեռնությունների ուղղությամբ աշխատանքները խորացնելու պատրաստակամությունը՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի թվային և տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացմանը, միջազգային տեխնոլոգիական էկոհամակարգերին երկրի ինտեգրմանը և տեղական ընկերությունների մրցունակության բարձրացմանը։

 

  • Կիսվել: