ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ի՞նչու է ՀՀ ԶՈՒ-ում միևնույն սպան պատասխանատու սպառազինությունների տեխբնութագիրը կազմելու և դրանք ընդունելու համար․ հարցեր, որոնց պետք է պատասխանի ՊՆ-ն

Ի՞նչու է ՀՀ ԶՈՒ-ում միևնույն սպան պատասխանատու սպառազինությունների տեխբնութագիրը կազմելու և դրանք ընդունելու համար․ հարցեր, որոնց պետք է պատասխանի ՊՆ-ն

Ռուսական ORSIS զինագործական ընկերության մասնակցությամբ ՀՀ Պաշտպանության նախարարությունում տապալված մրցույթին և տեղ գտած ակնհայտ շահերի բախմանը վերաբերվող մեր հոդվածաշարից հետո InfoPort-ի հետ կապ հաստատեց ընկերության հայաստանյան ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, ով հերքեց ԶԼՄ-ում շրջանառվող այն վարկածը, ըստ որի ORSIS-ը հայկական ԶՈՒ-ին փորձել է մարտականի փոխարեն որսորդական ջերմատեսիլ սարքեր մատակարարել։

Ավելին նա ասաց, որ նման սարքեր արդեն տարիներ շարունակ ՀՀ ԶՈՒ-ն օգտագործում է։ Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչումն է խնդիրը, ինչու տարիներ շարունակ նման սարքեր օգտագործելուց հետո ՀՀ ԶՈՒ-ն հենց այս տարի որոշեց հրաժարվել դրանցից։ Իսկությունը պարզելու համար մենք հարցումով դիմեցինք ՀՀ Պաշտպանության նախարարություն։ ՊՆ-ից, հղում անելով ռազմական գաղտնիքի վրա, հրաժարվեցին մեզ տրամադրել պաշտոնական տեղեկություն առ այն, կան արդյոք ՀՀ ԶՈւ-ում նման սարքեր։

Սակայն ռազմական ոլորտի մեր աղբյուրները այս առնչությամբ մեզ հետաքրքիր մանրամասներ պատմեցին։ ՀՀ ԶՈՒ-ում իսկապես կան նման սարքեր, դրանք հիմնականում դեռ տարիներ առաջ հայկական բանակին նվեր են տվել տարբեր անձիք կամ կազմակերպություններ։

Ինչ վերաբերում է ORSIS-ի մասնակցությամբ վերջին մրցույթին, ապա, ըստ աղբյուրի, դրանում ներկայացված սարքերի տեխբնութագիրը կազմել է ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության աշխատակից Վիլեն Գալստյանը, ով ORSIS-ի հայկական մասնաճյուղի համահիմնադիր՝ գնդապետ Արթուր Գալստյանի հորեղբոր որդին է։ Ավելին՝ նա և իր գործընկերներն են հանդիսանում նաև տվյալ սարքերի ընդունողները:

Վիլեն Գալստյանը պատասխանատու է նման սարքերի ու զենքերի ձեռքբերումների համար: Եթե անգամ այս սպաները անբասիր բարոյականության տեր անձիք են և գործում են զուտ ի շահ հայրենիքի, օրենքի տեսանկյունից այստեղ ակնհայտ խնդրահարույց պահեր կան, քանզի նման սխեմաներում միշտ կարող է տեղի ունենալ շահերի բախում։

Մենք հրավիրում ենք ՀՀ ՊՆ-ն ուշադրությունը այս փաստի վրա և ակնկալում հստակ պատասխան այն առնչությամբ, թե ի՞նչպես է ստացվել, որ միևնույն անձը պատասխանատու է համ մրցույցի տեխբնութագիրը կազմելու, համ այդ սարքերը ընդունելու, համ դրանք փորձարկելու համար։

  • Կիսվել: