Քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխության հարցը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայոողի մասին» օրենքում։ Նախագիծը նա ներկայացրեց ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում։
«Փոփոխության արդյունքում ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ԶՈՒ-ում կամ ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ-ում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված, մահացած ծնող, եղբայր կամ քույր ունեցող անձը կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից»,- ասաց Սարգսյանը։
Գործող օրենքի կարգավորումներով՝ զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է հանդիսանում նաև ընտանիքում միակ արու զավակ լինելը:
Ըստ նախագծի հիմնավորման՝ կան հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն:
Շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում, չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության:
«Այս խնդրի մասին ես տեղեկացրել եմ Նիկոլ Փաշինյանին, նա ասաց, որ Պաշտպանության նախարարության հետ այս խնդրին լուծում կտրվի: Մեկ տարի անց Պաշտպանության նախարարության հետ շփվելով գաղափար է ծնվել, որպեսզի նման օրանսդրական փոփոխություն անենք, որի միջոցով պատերազմի ժամանակ զոհված մեր հայրենակիցների հարազատները՝ որդին կամ եղբայրը կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից»:
Անդրադառնալով նախագծի շուրջ մտահոգություններին՝ նա նշեց, որ մտահոգություն կար, որ սա լուրջ հարված կլիներ մեր պաշտպանունակությանը և անվտանգային խնդիրներ կառաջացներ մեր զինված ուժերի համար:
«Այն, որ սա որևէ անվտանգային խնդիր չի ներկայացնելու՝ վկայում են հետևյալ ցուցանիշները: Առաջիկա զորակոչին նախատեսվում է, որ այս օրենքի շահառու կլինի 10 քաղաքացի, այսինքն միայն 10 զորակոչիկ է, որ առաջիկա ամառային զորակոչին կարող է օգտվել այս օրենքից և ազատվի զինվորական ծառայությունից:
2022 թ -ի ձմեռային զորակոչին 17 քաղաքացի է օգտվելու, հաջորդ տարվա ամառային զորակոչին կօգտվի 11 քաղաքացի, իսկ ձեռային զորակոչին՝ 14 զորակոչիկ: Այսինքն, առաջիկա 4 զորակոչերին 52 հնարավոր օրենքի շահառու ենք ունենալու: Երբ այս թվերն համադրում ենք մեր զինված ուժերի թվաքանակի հետ, երբ մենք ունենք 100 հազարին հասնող բանակ, ամեն զորակոչին 10-20 նորակոչիկի պարտադիր զինվորական ծառայությունից ազատումը որևէ խնդիր չի առաջացնի մարտունակության իմաստով»: