ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նոր մանրամասներ ORSIS-ի գործով. Ու՞մ հետ է  էքսկլյուզիվ վիսկի խմել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը, ի՞նչ են նրանք խոսել և ի՞նչու է այդ մասին լռում ընկերությունը

Նոր մանրամասներ ORSIS-ի գործով. Ու՞մ հետ է  էքսկլյուզիվ վիսկի խմել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը, ի՞նչ են նրանք խոսել և ի՞նչու է այդ մասին լռում ընկերությունը

Ռուսական ORSIS զենք մատակարարող  ընկերության և Հայաստանի պաշտպանության նախարարության շուրջ չկայացած մրցույթի պատճառով հասունացած սկանդալը նոր թափ է հավաքում:

InfoPort.am-ի աղբյուրները այս աղմկահարույց պատմության շուրջ նոր ուշագրավ մանրամասներ են բացահայտում: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի երկու գնդապետներ՝ Գևորգ Մանուկյանն ու Արթուր Գաստյանը 2017 թվականին Հայաստանում բացեցին ռուսական ORSIS ընկերության հայաստանյան ներկայացչությունը՝ ORSIS ARMS-ը, ինչն արդեն իրենց կողմից օրենքի խախտում էր, քանի որ ուժային կառույցների աշխատակիցներն իրավունք չունեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Եվ արդեն 2017 թվականից սկսած ՝ ORSIS ARMS ընկերությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ վերը նշված գնդապետերի ղեկավարությամբ պարբերաբար մասնակցել և հաղթել է ՀՀ ՊՆ տարբեր մրցույթներում։ Ինչպես պարզաբանել Է կայքի աղբյուրը, այդ ամենը տեղի է ունեցել, իհարկե, պաշտոնական լիազորությունների, կապերի եւ տարբեր տեսակի տեղեկատվության հասանելիության շնորհիվ, որոշ դեպքերում նույնիսկ կոնսպերատիվ:

Սակայն վերջին մրցույթը, որը կայացավ 2019 թվականի մայիսին, և որին, ի դեպ, տարօրինակ զուգադիպությամբ, մասնակցում էր միայն ORSIS ընկերությունը, անկանխատեսելի ընթացք ստացավ՝ այն պարզապես չեղարկվեց։ ՀՀ ՊՆ պաշտոնական վարկածի համաձայն ՝ բյուրոկրատական բնույթի խնդիրների պատճառով։ ORSIS-ը, իր հերթին, մեղադրում է ՊՆ-ին մրցույթի կանխամտածված տապալման մեջ: Սակայն, ըստ InfoPort.am ՀՀ ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրների, մրցույթի ձախողման պատճառ է հանդիսացել այն փաստը, որ մարտական ջերմատեսիլ սարքերի փոխարեն ORSIS-ը փորձել է հայկական կողմին մատակարարել դրանց որսորդական տարբերակները այն էլ շուկայականից շատ ավելի բարձր գներով: Ստացվում է, որ որոշ շահագրգիռ անձինք, պատրաստ էին վտանգի տակ դնել հազարավոր հայ զինվորների կյանքեր, և այս գործարքը կարող էր բարեհաջող իրականացվել, եթե չլիներ ՀՀ ՊՆ զգոնությունը եւ մրցույթի ձախողումը: Եվ այս ամենը ՀՀ ԶՈՒ գնդապետների բարձր հովանու ներքո։ Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների ՝ այս գործի հետևում կանգնած են ոչ միայն վերը նշված գնդապետները, այլև որոշ գեներալներ։

Սակայն արդեն 2019-ի մայիսին, երբ սկսվեց ընկերության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև կոնֆլիկտը խափանված մրցույթի պատճառով, ORSIS ARMS-ի հիմնադիրների կազմում տեղի ունեցավ փոփոխություն։  Գնդապետ Արթուր Գալստյանի փոխարեն հիմնադիրների կազմում հայտնվում է ՀՀ քաղաքացի Վերգինե Սարգսյանի անունը ։  Նա ընկերությունում ստանում է Գալստյանի բաժնեմասը։ Ըստ InfoPort.am-ի տեղեկությունների  Վերգինե Սարգսյանը ORSIS ARMS-ի շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի կինն է: Ի դեպ, այդ տեղեկությունը չի հերքում նաև ինքը ՝ Սիրունյանը։

Հատկանշական է, որ նույնիսկ այս պատմությունը ի հայտ գալուց հետո գնդապետներ Գալստյանն ու Մանուկյանը դեռ շարունակում են աշխատել ՀՀ ԶՈՒ համակարգում։ Արթուր Գալստյանը ներկայումս ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմա-տեղագրական բաժնի պետն է, իսկ արդեն պաշտոնաթող գնդապետ Գևորգ Մանուկյանը ևս աշխատում է ԶՈՒ կառույցներից մեկում է: Հնարավոր է մենք հաջորդիվ անրադառնանք այն փաստին, թե ով է նրանց հովանավորում։

Իսկ հիմա վերադառնանք մեր օրեր։ Ինչպես հայտնի է, ORSIS ARMS ընկերության և չկայացած մրցույթի շուրջ սկանդալն անդրադարձել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանին։  ORSIS ARMS-ի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դիմել է Հատուկ քննչական ծառայություն ՝ Ղամբարյանի կողմից Պաշտպանության նախարարությանը նվիրաբերված որսորդական հրացանը յուրացնելու փաստի առթիվ:

Սակայն InfoPort.am-ի աղբյուրների պնդմամբ ամեն ինչ այդքան էլ այդպես չի եղել։ Ըստ աղբյուրի՝ ORSIS-ի ռուսաստանյան ներկայացուցիչը իսկապես ձեռնունայն չի եկել փոխնախարար Ղամբարյանի մոտ եւ բացի որսորդական հրացանը իր հետ բերել է նաև ոչ պակաս թանկանոց վիսկի։ Աղբյուրի խոսքով ՝ խմիչքի արժեքը տատանվել է 6 հազար դոլարի սահմաններում։  Այս դեպքում ինչու՞ փաստաբան Սիրունյանը չի հիշատակում գերթանկարժեք խմիչքի մասին և միայն շեշտում է որսորդական հրացանը յուրացնելու փաստը։ Դա էլ իր բացատրությունը ունի։  Բանը նրանում է, որ փոխնախարարն անմիջապես բացել է այդ շիշը և ռուս հյուրի հետ միասին համտեսել թանկարժեք ըմպելիքը։  Ի՞նչ է քննարկվել բարձրաստիճան պաշտոնյաների կողմից էլիտար խմիչքի բաժակի շուրջ։ Ինչպես պարզաբանել Է կայքի աղբյուրը, այդ հանդիպման ժամանակ խոսք է գնացել տենդերի ժամանակ ռուսական ընկերության համար բյուրոկրատական քաշքշուկների վերացման հարցը: Աղբյուրի պնդմամբ ՝ որսորդական հրացանը, ինչպես նաև վիսկին, նախատեսված են եղել Ղամբարյանի, այլ ոչ թե ՀՀ Պաշտպանության նախարարության համար։ Սակայն հետագայում, երբ տենդերը խափանվել է, այդ դրվագը շրջվել է Ղամբարյանի դեմ ՝ ռուսական ընկերությունը նրան մեղադրեց "չարաբաստիկ" հրացանը յուրացնելու մեջ։  Եվ եթե յուրացման փաստը հաստատվի քննության կողմից, Ղամբարյանը կկրի իր արժանի պատիժը։

Գործի մյուս դրվագը, որի առնչությամբ Սիրունյանը նույնպես դիմել է ՀՔԾ, վերաբերում է փոխնախարար Ղամբարյանի օգնականին, ով փաստաբանի հավաստմամբ, կապ է հաստատել նրա հետ և փորձել ներազդել պաշտպանի վրա, նրան համոզելով վերջ տալ իրավական գործընթացներին՝ այսպիսով  խոչընդոտելով նրա մասնագիտական գործունեությանը։ Այս դրվագի առնչությամբ, InfoPort.am-ի աղբյուրը հայտնեց, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի անմիջական պահանջով Ղամբարյանի օգնականն ազատվել է պաշտոնից:

InfoPort.am-ը շարունակելու է հետևել այս աղմկահարույց պատմության շուրջ ծավալվող իրադարձություններին և տեղյակ պահել իր ընթերցողներին զարգացումների վերաբերյալ։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: